22:47  ,  30 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց Օսլոյում, Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը

«Մանչեսթեր Յունայթեդը» Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընկերական խաղ անցկացրեց նորվեգական «Վոլերենգայի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում մասնակցեց առաջին խաղակեսին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: 44-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին գլխի հարվածով բացեց հաշիվը: 

Անգլիական ակումբից երկրորդ խաղակեսում աչքի ընկան նաեւ փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու անգլիացի 20-ամյա կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը:

Ընդմիջմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատարեց մի շարք փոփոխություններ՝ փոխարինելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին:

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղն է ամերիկյան շրջագայությունից հետո: Օգոստոսի 2-ին անգլիական ակումբը Դուբլինում ընկերական հանդիպում կանցկացնի իտալական «Սամպդորիայի» հետ, իսկ օգոստոսի 8-ին Եվրոպայի Սուպերգավաթի խաղում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Ընկերական խաղ, Օսլո

«Վոլերենգա» (Նորվեգիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:3

Մարուան Ֆելաինի, 44, Ռոմելու Լուկակու, 47, Սքոթ Մաքթոմինեյ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news