03:17  ,  24 հուլիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի իրացրած 11 մետրանոցը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց «Ռեալի» դեմ խաղում

ԱՄՆ-ում շարունակվող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Մադրիդի «Ռեալին»: ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր փոխարինողների թվում, բայց դա անգլիական ակումբին չխանգարեց ընդմիջման գնալ հաշվի մեջ առջեւում: 45-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, որի գոլին մադրիդցիները պատասխանեցին ընդմիջումից հետո: Ընդմիջմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատարեց 8 փոխարինում՝ դաշտ դուրս բերելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին: Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն էլ փոխարինեց բոլոր խաղացողներին՝ ընտրելով երկրորդ կազմը, որին հաջողվեց խուսափել պարտությունից: «Ռեալի» պատասխան գոլը 69-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:

Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները, իսկ Հենրիխ Մխիթարյանը հաջող իրացրեց հարվածը: Ընդ որում՝ հարվածաշարի ժամանակ ֆուտբոլիստները դիպուկ իրացրին 10 հարվածներից միայն երեքը՝ 2:1: Հենրիխ Մխիթարյանից բացի, անգլիական ակումբից դիպուկ էր նաեւ Դեյլի Բլինդը, իսկ Անտոնի Մարտիալի, Սքոթ Մաքտոմինեյի եւ Վիկտոր Լինդելյոֆի հարվածները հաջող չստացվեցին: «Ռեալից» դարպասը գրավեց միայն իսպանացի 21-ամյա կիսապաշտպան Լուիսմի Քուազեդան, իսկ Մատեո Կովաչիչը, Օսկար Արնաիզը,  Թեո Հերնանդեսն ու Կազեմիրոն վրիպեցին:

Հիշեցնենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» չորրորդ հանդիպումն էր ԱՄՆ-ում: Նախորդ 3 խաղերում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2), «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1) ու Մանչեսթեր Սիթիին» (2:0): Այդ 3 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում վերջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 26-ին՝ Վաշինգտոնում մրցելով «Բարսելոնայի» հետ:

International Champions Cup

«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

11 մետրանոցներով՝ 1:2

Կազեմիրո, 69 (11մ) – Ջեսի Լինգարդ ,45+1

Թիմերի մեկնարկային կազմերը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում