19:05  ,  16 հուլիսի, 2017

Ռոջեր Ֆեդերերի ռեկորդային 8-րդ տիտղոսն Ուիմբլդոնում (ֆոտոշարք)

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 19-րդ տիտղոսը նվաճեց թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը:

Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 35-ամյա Ֆեդերերը 3 սեթում հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին՝ 6:3, 6:1, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 41 րոպե:

Ընդ որում՝ աշխարհի 5-րդ ռակետն այս մրցաշարում անցկացրեց 7 մրցախաղ եւ չպարտվեց ոչ մի սեթ: Սա Ռոջեր Ֆեդերերի ռեկորդային՝ 8-րդ տիտղոսն էր Ուիմբլդոնում: Այդ ցուցանիշով շվեյցարացի թենիսիստը գերազանցեց ամերիկացի Պիտ Սամպրասի եւ բրիտանացի Ուիլյամ Ռոունշոուի ռեկորդները: Նրանք Ուիմբլդոնում հաղթել էին 7-ական անգամ:

28-ամյա Չիլիչը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում հանդես եկավ առաջին անգամ: Խորվաթ թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ունի մեկ տիտղոսը, որը նվաճել է US Open-2014-ում:

Հիշեցնենք, որ այս տարի Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը, որը քառորդ եզրափակիչում պարտվել էր ամերիկացի Սեմ Կուերիին:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերում երկրորդ ամենաշատ տիտղոս նվաճած թենիսիստն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որն ունի 15 տիտղոս: Եռյակը եզրափակում է լեգենդար ամերիկացի Պիտ Սամպրասը՝ 14 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս