15:40  ,  12 հուլիսի, 2017

Յուրի Ջորկաեֆ. Հաջորդ մրցաշրջանը շատ հաջող է լինելու Հենրիխ Մխիթարյանի համար

Հաշվի առնելով, թե ինչ վստահությամբ Մխիթարյանն ավարտեց նախորդ մրցաշրջանը, վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում Հենրիխը կլինի բարձունքում, հայտարարել է ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Հենրիխի ընտանիքին ճանաչում եմ վաղուց: Մենք միշտ կապի մեջ ենք լինում: Նրանք շատ-շատ լավ մարդիկ են, որոնց հաճախ եմ հանդիպում Հայաստանում: Դա շատ կարեւոր է, քանի որ հայերը քիչ են: Մենք պետք է աջակցենք միմյանց:

Հենրիխը հրաշալի տղա է եւ երբեք չի բողոքում: Մրցաշրջանի սկզբնամասում չէր խաղում եւ նույնիսկ չէր ընդգրկվում պահեստայինների թվում, սակայն խաղից խաղ նա իր տեղին արժանացավ մեկնարկային կազմում: Նա միշտ քրտնաջան աշխատում է եւ հասնում իր առջեւ դրված նպատակներին: Հայաստանում բոլորս հպարտանում ենք նրանով:

Պետք է հիշել, որ Մխիթարյանն իր խաղը բարելավեց մրցաշրջանի ընթացքում: Հաշվի առնելով, թե ինչ վստահությամբ նա ավարտեց նախորդ մրցաշրջանը, վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում Հենրիխը կլինի բարձունքում:

Անհրաժեշտ է այնպիսի մեկը, որը կարող է մեկ վայրկյանում փոխել ամեն բան. դա Հենրիխն է: Նրա առաքելությունը միայն գոլեր խփելը չէ, այլ նաեւ ազատ գոտիներ գտնելն ու արդյունավետ գրոհելը: Վստահ եմ, որ նոր մրցաշրջանը շատ հաջող է լինելու Մխիթարյանի համար»,- Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 28-ամյա ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 11 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում