15:24  ,  11 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին մարզումն է անցկացրել ԱՄՆ-ում (ֆոտո)

ԱՄՆ ժամանած «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել Լոս Անջելեսում, որտեղից սկսելու են ամերիկյան շրջագայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել մարզումից:

Անգլիական ակումբի կազմում ԱՄՆ էին մեկնել 27 ֆուտբոլիստներ, որոնց Լոս Անջելեսում միացել է նաեւ «Էվերտոնից» տեղափոխված բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 15-ին` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ: Հուլիսի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», հուլիսի 20-ին՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին», հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում