23:56  ,  27 մայիսի, 2017

3 անհաջող եզրափակիչներից հետո Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի գավաթը

Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր: Բեռլինում կայացած եզրափակիչում դորտմունդցիները 2:1 հաշվով հաղթեցին Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հաղթական գոլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվողը Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 67-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Այս տարի Գերմանիայի գավաթակրի կոչումը չէր կարողացել պաշտպանել Մյունխենի «Բավարիան», որը կիսաեզրափակիչում պարտվել էր «Բորուսիային»: Դորտմունդի թիմը Գերմանիայի գավաթը նվաճել էր նաեւ 1965, 1989 եւ 2012 թվականներին: Նախորդ 3 տարիներին դորտմունդցիները պարտություն էին կրել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:

Գերմանիայի Գավաթ, եզրափակիչ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» – «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:2

Անտե Ռեբիչ, 29 – Ուսման Դեմբելե, 8, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 67 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում