13:01  ,  4 մայիսի, 2017

Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են Դավիդ Յուրչենկոյի համար

Մենք գրկաբաց սպասում ենք Դավիդ Յուրչենկոյին Հայաստանի հավաքականում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Մախաչկալայի «Անժիի» 31-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հայտարարությանն այն մասին, որ իրեն պաշտոնապես չեն հրավիրել Հայաստանի ազգային հավաքական:

«Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիդ Յուրչենկոն հայազգի է, եւ հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, ջանք չենք խնայել եւ բազմաթիվ քայլեր ենք արել նրան Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու կապակցությամբ: Նրա համար խոչընդոտ էր հանդիսանում այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Բացի այդ, Դավիդը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում: Հիմա մեկ անգամ եւս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք եւս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար: Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը եւ կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»,- Ռուբեն Հայրապետյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ վերջերս Յուրչենկոն հայտարարել էր, որ չի մերժել Հայաստանի հավաքականին, եւ հայտնել է ազգային թիմում խաղալու ցանկություն, սակայն գործը հրավերի եւ կոնկրետ փաստաթղթերի չի հասել

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում