12:21  ,  12 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիային»

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զորակցություն է հայտնել իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիային», որի ակումբային ավտոբուսի մոտ ռումբ էր պայթել նախօրեին:

«Խորապես ցնցված եմ Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ցանկանում եմ աջակցությունս հայտնել «Բորուսիային» ու երկրպագուներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնից ոչ հեռու տեղի ունեցած միջադեպի պատճառով «Բորուսիայի» եւ «Մոնակոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը հետաձգվել էր եւ կկայանա ապրիլի 12-ին՝ Երեւանի ժամանակով 20:45-ին: Ռումբի պայթյունի հետեւանքով «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բարեհաջող վիրահատվել է: Նրա մոտ հոգեբանական շոկ է եւ ձեռքի պատռվածք: Բարտրան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ տանն է: Գերմանական մամուլի համաձայն՝ պայթյունից տուժել է նաեւ «Բորուսիայի» ավտոբուսն ուղեկցող ոստիկանը: Դորտմունդի Ոստիկանությունը տեղի ունեցածը չի որակել ահաբեկչություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում