16:18  ,  17 հուլիսի, 2012

Լիլիթ Մկրտչյան. Չեմ կարողանում մարտական տրամադրվել Էլինա Դանիելյանի դեմ

Ջերմուկի Գրան պրին Էլինա Դանիելյանի եւ ինձ համար լավ հնարավորություն է մարզվել Թուրքիայում մեկ ամսից կայանալիք Համաշխարհային օլիմպիադայում արժանավայել հանդես գալու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց այսօր` հուլիսի 17-ին  Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարի մասնակից, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը:

Այս պահին ընթացող առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը միջազգային գրոստմայստեր Էլինա Դանիելյանն է: Լիլիթն անկեղծացավ, որ չի պատկերացնում Էլինայի հետ խաղում իր առավելության մասին ինչպես մտածել եւ ինչպես խաղալ թիմակցի հետ:

«Յուրաքանչյուր մրցաշարի` լինի  Համաշխարհային օլիմպիադա կամ Գրան պրի,  առաջին պարտիան ավելի մեծ լարվածություն է պահանջում քան հարջորդող մյուս պարտիաները:  Մեկնարկից է որոշվում հետագա ընթացքը եւ արդյունքները: Առաջին պարտիայում այդ լարվածությունը կա, մասնավորապես իմ պարագայում, քանի որ հետաքրքիր զուգադիպությամբ ես եւ Էլինա Դանիելյանը առաջին պարտիայում խաղալու ենք իրար դեմ:
Վերջին շրջանում ես եւ Էլինան հանդիպում ենք Գրան պրիներում, մասնավորապես այս սերիայում: Մեր հանդիպումները հիմնականում ավարտվել են ոչ ոքի, որովհետեւ իսկապես դժվար է լիովին կարողանալ մարտական տրամադրվել մի մարդու դեմ, որի հետ արդեն տարիներ շարունակ խաղում ես կողք կողքի` օլիմպիադաներում, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Ինձ համար շատ դժվար է: Այս անգամ էլ կարծում եմ շատ դժվար կլինի: Եվ դժվար է ոչ միայն ինձ համար, այլ՝ Էլինայի համար եւս»,- մրցաշարի մեկնարկից առաջ նշեց Լիլիթ Մկրտյանը:

Իր մարզավիճակի եւ Գրան պրի մրցաշարից իր ակնկալիքների մասին ասաց.

«Մրցաշարը ցույց կտա ինչպիսի մարզավիճակում եմ գտնվում, հուսով եմ, որ կկարողանամ լավ խաղ ցուցադրել: Սա բավական ուժեղ մրցաշար է, քանի որ ուժեղ մասնակիցներ են հանդես գալիս: Կկփորձեմ հնարավորինս լավ արդյունքի հասնել: Ընթացքը ցույց կտա, թե որքանով կկարողանամ ես ցուցադրել իմ հնարավորոթյունները:
Մեզ, որպես կազմակերպիչ երկիր տրվել էր երկու տեղի հնարավորություն: Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի որոշմամբ արդեն ընտրվել էր որպես Հայաստանի ներակացուցիչ, ես էլ որպես կազմակերպիչ պետության ներկայացուցիչ ընտրվեցի երկորդ տեղի համար»:

Նշենք, որ մեկ ամսից Հայաստանի հավաքականը կմեկնի Ստամբուլ՝ Համաշխարհային օլիմպիադայի:  NEWS.am Sport-ի թղթակիցը Լիլիթ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում Օլիմպիադային։

«Մեկ ամսից շատ կարեւոր մրցում ունենք` Օլիմպիադան Ստամբուլում: Տարվա սկզբից արդեն պարզ էր մեր հավաքականի կազմը։ Չորս մասնակից ընտրվեց ըստ գործակիցների եւ մեկը` Հայաստանի կանանց առաջնությունից: Չորս շախմատիստներս Օլիմպիադայի մասնակցության իրավունք ենք ձեռք բերել ըստ մեր գործակիցների. Էլինա Դանիելյանն է, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ ես: Իսկ այդ մեկը տեղը, որը ընտրվելու էր Հայաստանի կանանց առաջնությունից, բաժին հասավ Աննա Հայրապետյանին: Այս հինգ մասնակիցներով պետք է ներկայացնենք Հայաստանը Թուրքիայում: Այժմ ընթանում են նախապատրաստական մարզումները, աշխատանքները: Այս մրցաշարը` Ջերմուկի Գրան պրիի սերիան լավ դպրոց է մարզվելու համար: Մեր մյուս աղջիկների համար էլ կազմակերպվում են մրցաշարեր, որպեսզի նրանք եւս լավ մարզավիճակում լինեն Օլիմպիադայում: Անմիջապես Օլիմպիադայից առաջ երկու շաբաթ հավաք կունենանք Սեւանում: Բացի դրանից կունենանք նաեւ մեկ ընկերական հանդիպում: Այնպես որ` նախապաատրաստական աշխատանքները մեծ թափի մեջ են գտնվում»,- ասաց Լիլիթ Մկրտչյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով