14:06  ,  15 մարտի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Որոշեցինք փոխել Անդրանիկ Կարապետյանի քաշային կարգը

Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 77 կգ քաշային կարգի մրցմանը ծեռքի ծանր վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանը հանդես կգա 85 կգ քաշային կարգում:

«Անդրանիկը փոխել է քաշային կարգը: Նրա ձեռքն արդեն նորմալ է: Այս պահի համար ամեն բան կարգին է: Ցանկանում ենք, որ նրա մոտ մրցակցական պահի վախն անցնի: Մյուս 2 քաշային կարգերում հանդես կգանք երիտասարդ ծանրորդներով: Եթե նրանք ընդգրկվել լավագույն հնգյակում, շատ լավ կլինի: Թիմում տեղի է ունենում սերնդափոխություն»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Անդրանիկ Կարապետյանից բացի, Խորվաթիայում Հայաստանը կներկայացնեն նաեւ 105 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը եւ Սարգիս Գասպարյանը ու գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատմեց, որ թիմը մրցավայր է մեկնելու 3 ծանրորդով՝ Իզաբելլա Յայլյան (58 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ) եւ Տաթեւ Հակոբյան (90 կգ):

«Մրցավայրում կհասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք: Պետք է տեսնել, թե ինչպես են պատրաստված մյուսները: Ընտրել են ուժեղագույններին: Այս 3 ծանրորդներն էին համապատախանում մրցումներին»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:

Հայաստանի թիմերը մրցավայր կմեկնեն ապրիլի 2-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում