01:35  ,  8 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Հզոր Ռամոսը կոտրեց «Նապոլիին», «Բավարիան» դարձյալ չնկատեց «Արսենալին»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Արքայական ակումբը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին», որից ուժեղ էր գտնվել նաեւ տանը (3:1):

Մեկնարկային 15 րոպեներին խաղն անցնում էր «Ռեալի» կիսադաշտում: «Նապոլին» շատ ակտիվ էր սկսել եւ սկզբնամասում անցկացնում էր մի շարք գրոհներ, սակայն գործն իրական գոլային պահերի չէր հասնում: «Ռեալը» եւս չէր մոռանում հակագրոհներ անցկացնելու մասին, թեեւ դրանք վտանգավոր չէին ստացվում: Մադրիդցիները փորձում էին գնդակի վերահսկումով նվազեցնել մրցակցի մեծ առավելությունն ու ճնշումը, եւ դա կարծես մի պահ հաջողվել էր, սակայն 24-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը: «Նապոլիի» գեղեցիկ գրոհը եզրափակեց բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը: Շուտով «Ռեալը» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն 29-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն, շրջանցելով «Նապոլիի» դարպասապահին, հարվածեց դարպասաձողին: Քիչ անց հորիզոնական դարպասաձողը փրկեց նաեւ Արքայական ակումբին, իսկ հարվածը հարմար դիրքից կատարել էր Դրիս Մերտենսը: Առաջին խաղակեսի վերջնամասում նեապոլցիներից գոլային պահ կորցրեց նաեւ թիմի ավագ Մարեկ Համշիկը եւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասը չափազանց անհաջող ստացվեց «Նապոլիի» համար: «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել էին պրեսինգի դիմել մրցակցի կիսադաշտում եւ շուտով խփեցին 2 գոլ: 51-րդ րոպեին եվրագավաթներում 100-րդ խաղն անցկացնող իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: 5 րոպե անց տանտերերի դարպասին նշանակվեց եւս մեկ անկյունային հարված, որից հետո Ռամոսը դարձյալ հաղթեց օդային պայքարում եւ կատարեց հարված, որից հետո գնդակը, դիպելով Դրիս Մերտենսին, հայտնվեց դարպասում (գրանցվեց ինքնագոլ Մերտենսի անվան դիմաց): Բաց թողած գոլերը կարծեց կոտրեցին դաշտի տերերին, իսկ «Ռեալն» աստիճանաբար հավասարեցրեց խաղը, իսկ ավելացված ժամանակում խփեց նաեւ երրորդ գոլը: Խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան:

Օրվա մյուս դիմակայությունում քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց Մյունխենի «Բավարիան»: Գերմանիայի չեմպիոնը Լոնդոնում 5:1 հաշվով հաղթեց «Արսենալին», որին տանը եւս պարտության էր մատնել նույն հաշվով: Առաջին խաղակեսից հետո անգլիական ակումբն առջեւում էր հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում ստացավ կարմիր քարտ, ինչից հետո բաց թողեց 5 գոլ:

 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Նապոլի» (Իտալիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 1:3 (առաջին խաղ՝ 1:3)

Դրիս Մերտենս, 24 – Սերխիո Ռամոս, 52, Դրիս Մերտենս, 57 (ինքնագոլ), Ալվարո Մորատա, 90+1

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 1:5 (առաջին խաղ՝ 1:5)

Թեո Ուոլքոտ, 20 – Ռոբերտ Լեւանդովսկի, 55 (11մ), Արյեն Ռոբեն, 68, Դուգլաս Կոստա, 78, Արտուրո Վիդալ, 80, 85

Հեռացում՝ Լորան Կոսելնի, 53 («Արսենալ»)

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում