18:46  ,  6 մարտի, 2017

Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստ է վճարել Մաքգրեգորի հետ մենամարտի համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) հայտարարել է, որ սպասում է UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտին:

«Մեր տարբերությունն այն է, որ Մաքգրեգորն ունի ղեկավարություն: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կռվել ինձ հետ, ես կարող եմ համաձայնել: Իսկ Քոնոր Մաքգրեգորի պես տղան պետք է նախ զրուցի UFC-ի նախագահ Դան Ուայթի հետ, իսկ վերջինս՝ իր ղեկավարության: Քոնորը չի կարող որոշում կայացնել ինքնուրույն:

Ես պատրաստ եմ Մաքգրեգորին տալ այն, ինչի նա արժանի է: Եթե դա 10 միլիոն է, ապա մենք կառաջարկենք 20 միլիոն: Խոսքը մեկ մենամարտի մասին է: Ես մեկ մենամարտից աշխատել եմ ավելի շատ, քան նա՝ ամբողջ կարիերայի ընթացքում»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ  նախորդ տարի Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի լիցենզիա էր ստացել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Վերջին շրջանում իռլանդացի մարտիկն անցկացնում է բռնցքամարտի մարզումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում