13:23  ,  28 հունվարի, 2017

Արթուր Աբրահամ. Հպարտ եմ, որ եղել եմ հաղթանակած Հայոց բանակի զինվոր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր զինվորական ծառայության մասին եւ շնորհավորել Հայոց բանակի կազմավորման 25-­րդ տարեդարձի կապակցությամբ:

«Ես ծառայել եմ Հայոց բանակում: 1999-2001 թվականներին ծառայել եմ Երեւանի մարզական վաշտում: Լավ հիշողություններ ունեմ, մինչեւ հիմա էլ շփում եմ հրամանատարիս հետ եւ ունեմ մի քանի լավ ընկերներ բանակից: Հպարտ եմ, որ եղել եմ հաղթանակած Հայոց բանակի զինվորը, որ ծառայել եմ տարածաշրջանի ամենաուժեղ` Հայոց բանակում:

Շնորհավորում եմ մեզ համար կարեւոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: Մաղթում եմ ուժ եւ խաղաղություն: Հայ ժողովուրդը պատերազմներ շատ է տեսել: Թող սրանից հետո կապույտ երկնքի ներքո անցնենք մեր հավերժական ուղին: Հայ զինվորին, սպային, հրամանատարին, հայ մորը, քրոջը, համայն հայությանը քաջալերանք, կորով, միասնություն, համախմբվածություն եմ մաղթում»,- նշել է 36-ամյա բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայկական բանակի օրն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում