18:57  ,  25 դեկտեմբերի, 2016

ՀՖՖ նախագահ. Իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքում մեկնաբաբել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկի կոչման թեկնածուների ցուցակում եւ լավագույն մարզիկների տասնյակում Հայաստանի հավաքականի առաջատար, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:

ՀՖՖ կայքը գրում է, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստանում: Բոլորը վրդովված ու զարմացած են, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել տարվա լավագույն մարզիկի կոչման թեկնածուների թվում»: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահը նշել է.

«Ավարտին է մոտենում հերթական մարզական տարին, որը լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով եւ ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով եւ բացթողումներով: Այս տարի եւս մեր լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին մեր հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել մեր օրհներգը, բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» եւ «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ եւ զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ՝ այցելել Հայաստան: Այսինքն արեցին այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզներում եւ ինչին հասնելու համար մեր մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի: Բարձր գնահատականի եւ հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց եւ անուրանալի են Հենրիկ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձեւ ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի եւ կարեւորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել: Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ եւ կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը եւ ում թեթեւ ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ է բարոյականությունից, եւ հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում եւ ստորադասում են ֆուտբոլը, որեւէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել:

Զուրկ է բարոյականությունից նաեւ այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով եւ ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից: 

Շնորհավորելով մեր մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչնեին գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների եւ հաջողությունների տարի եւ թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկության չափանիշը պարտադրում է նախապատվությունը տալ մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի չեմպիոնների եւ մեդալակիրների:

Նշենք, որ NEWS.am Sport-ը ոչ մի տարի չի մասնակցել ՀՄԼՖ-ի քվեարկությանը՝ հաշվի առնելով քվեարկության արհեստական սահմանափակումները:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում