18:14  ,  16 դեկտեմբերի, 2016

Միշա Ալոյան. Շուտով ռուսաստանցի մարզիկների համար ջուրն էլ կհամարվի դոպինգ

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը քննադատել է միջազգային կառույցներին Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն իրենից խլելու համար:

«Ընկերներ, դեկտեմբերի 8-ին Լոզանի դատարանը որոշեց քթի սպրեյ օգտագործելու համար ինձ զրկել 2016թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից: Կարծում եմ, որ շուտով ռուսաստանցի մարզիկների համար ջուրն էլ կհամարվի արգելված դեղամիջոց: Հիմա չեմ ցանկանում խոսել այն մարդկանց մասին, որոնք կարող էին պատասխանատու վերաբերմունք ունենալ իրենց աշխատանքին, եւ այդ դեպքում ամեն ինչ լավ կլիներ:

Պարզապես, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել այս բարդ պահին ինձ աջակցության խոսքեր ասող մարդկանց: Շնորհակալություն մեր երկրի բոլոր բնակիչներին, շնորհակալություն երկրպագուներին Ղազախստանից, Ուզբեկստանից, Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից Չինաստանից՝ ձեր աջակցության համար: Կարդացել եմ բոլոր հաղորդագրությունները, շնորհակալություն, բոլորիդ սիրում եմ, գնահատում եւ հարգում»,- Ինստագրամում գրել է Միշա Ալոյանը:

Հիշեցնենք, որ Միշա Ալոյանի դոպինգ թեստը դրական արդյունքն էր տվել, հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց՝ տուամինոգեպտան, որը լինում է մրսածության դեմ քթի կաթիլներում: Տվյալները հրապարակել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրած ռուսական Fancy Bears հաքերական խումբը:

Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը հաստատել էր, որ մարզումային փուլում մարզիկն օգտագործել է կաթիլներ, որի մեջ կա տուամինոգեպտան: Սակայն բուժման նպատակով որեւէ դեղամիջոց օգտագործելուց առաջ օլիմպիականը պարտավոր է ստանալ թույլտվություն հակադոպինգային մարմիններից, ինչը Ալոյանի դեպքում չի արվել: Ալոյանը Fancy Bears-ի միակ զոհն է, քանի որ մյուս 126 մարզիկների դեպքում բժշկական թույլտվությունն առկա է:

Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 8-ին որոշում ընդունեց Ալոյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից զրկելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում