23:07  ,  12 դեկտեմբերի, 2016

«Ոսկե գնդակը»՝ Կրիշտիանու Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ France Football-ի «Ոսկե գնդակին»:

Պորտուգալիայի հավաքականի ավագն առաջ անցավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից, իսկ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի ռմբարկու Անտուան Գրիզմանը եզրափակեց լավագույն եռյակը: «Բարսելոնայի» հարձակվողներից Լուիս Սուարեսը չորրորդն է, իսկ Նեյմարը՝ 5-րդը:

Ռոնալդուն այս օրերին Արքայական ակումբի կազմում Ճապոնիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը: Պորտուգալացի հարձակվողը «Ոսկե գնդակին» արժանացել էր նաեւ 2008, 2013 եւ 2014 թվականներին:

Հինգ տարի անց France Football-ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին դարձյալ ընտրեց ՖԻՖԱ-ից առանձին՝ լրագրողների քվեարկությամբ: Նախորդ հինգ տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ֆրանսիական պարբերականն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրում էին լրագրողների, հավաքականների մարզիչների եւ ավագների համատեղ քվեարկությամբ: ՖԻՖԱ-ն այս անգամ մրցանակաբաշխությունը կանցկացվի հունվարի 9-ին:

Այս տարի 31-ամյա Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաեւ Պորտուգալիայի հավաքականին օգնել է պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում