19:21  ,  11 դեկտեմբերի, 2016

Աշխարհի առաջնություն. Սարգիս Քոչարյանն ու Գրիգոր Գրիգորյանը մեդալ չնվաճեցին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները պայքարն ավարտեցին առանց մեդալի:

Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը որակավորման փուլում 4:1 հաշվով հաղթեց մոլդովացի Իգոր Բեսլեագային, սակայն 1/8 եզրափակիչում 1:1 հաշվով ավարտված գոտեմարտում պարտություն կրեց Ղազախստանի ներկայացուցիչ Ասխաթ Դիլմուհամեդովից:

Ազատ ոճի ըմբշամարտի 70 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում՝ 1:2: Մրցակիցն էր բուլղարացի Միրոսլավ Ստեֆանովը:

Առաջին օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարի մեջ էին մտել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ. Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) եւ ազատոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ):

Բորանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով իրանցի Աֆշին Բիաբանգարդին (2:2), դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 0:6 հաշվով պարտվեց մոլդովացի Դանիել Կատարագային: Քանի որ մոլդովացի ըմբիշը հասավ եզրափակիչ, Բորանյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում 1:5 հաշվով պարտվեց ռուս Ադամ Կուրակին եւ լքեց պայքարը:

Վոլոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 0:4 հաշվով պարտվելով իրանցի Բեհնամ Էհսանպուրին: Իրանցի ըմբիշն էլ պարտություն է կրել կիսաեզրափակիչում, եւ Ֆրանգուլյանը զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում