15:37  ,  1 դեկտեմբերի, 2016

Արթուր Գեւորգյան. Դավիթ Թորոսյանը հավաքականը գլխավորելուց առաջ պայման դրեց իմ առջեւ

Դավիթ Թորոսյանին ես առաջարկեցի կրկին գլխավորել հավաքականը: Նա իմ առջեւ պայման դրեց, որ պետք է չմիջամտեմ մարզիչի աշխատանքին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, որը ֆեդերացիայի 9-րդ համաժողովից հետո ամփոփեց տարին եւ մեկնաբանեց Դավիթ Թորոսյանի նշանակումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Անցած անգամ Օլիմպիական խաղերն այնքան մոտ էր, որ Դավիթ Թորոսյանն իր ծրագրերը լիարժեք իրականացնելու հնարավորություն ու ժամանակ չուներ: Եվ այդ ժամանակ Կարեն Աղամալյանի ընտրությունը պատահական չէր, քանի որ մինչեւ այդ հավաքականի եւ մարզիկների հետ աշխատել էր հենց նա եւ Կարեն Աղամալյանն էլ կարող էր շարունակել: Եվ ինձ մնում էր միայն չխանգարել նրա աշխատանքին: Ես ուզում եմ առողջացնել այս համակարգը, վերականգնել հայկական բռնցքամարտի հին ավանդույթները եւ մի բան էլ անցնել այդ ավանդույթներից՝ ունենալ նոր որակի, նոր տիպի բռնցքամարտ:

Դավիթ Թորոսյանին ես առաջարկեցի կրկին գլխավորել հավաքականը եւ նա իմ առջեւ պայման դրեց, որ ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, ընդհանրապես չմիջամտեմ հավաքականի, մարզիչի աշխատանքներին, մարզիչների եւ մարզիկների ընտրության հարցում: Հիմա չեմ միջամտելու, նա կորոշի՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: Ունենք 4 տարի ժամանակ եւ ես վստահում եմ Թորոսյանին: Համոզված եմ, որ մեր պատկերացրած արդյունքները կստանանք:

Կարեն Աղամալյանի աշխատանքն ինձ բավարարել է, բայց նա չգերազանցեց իրեն: Չկա այնպիսի մի հարց, որ ես ասեմ ինձ չբավարարեց, ուղղակի նա իրեն չգերազանցեց: Ես ավելիին էի սպասում: Չգիտեմ քանի տարի կաշխատի Դավիթ Թորոսյանը՝ Կարեն Աղամալյանի պես մեկ տարի, թե ավելի շատ: Մենք հայ ենք եւ իմ՝ Թորոսյանի անունը հնչեցնելուց մեկ վայրկյան անց արդեն խոչընդոտները սկսվում են: Թե ինչ արդյունք կունենանք, ժամանակը ցույց կտա: Մեր մարզիչները բոլորն ամենագետ են, ոչ ոք իր անձին ինքնաքննադատաբար չի մոտենում, այդ պատճառով չեն շարունակում զարգանալ: Լինելու են խոչընդոտներ, խանգարողներ, բայց մենք մնալու ենք մեր որոշմանը եւ համբերատար սպասելու արդյունքին: Բացառվում է, որ չունենանք արդյունք: Հաջորդ Օլիմպիական խաղերին ես ակնկալում եմ ունենալ մեդալներ»,- նշեց ՀԲՖ նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դավիթ Թորոսյանը փոխարինել է Կարեն Աղամալյանին: Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի էր ունեցել հակառակը՝ Աղամալյանը փոխարինել էր Թորոսյանին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում