00:01  ,  29 նոյեմբերի, 2016

Կարլսենն ու Կարյակինը խաղացին ոչ ոքի. Չեմպիոնը հայտնի կդառնա թայ-բրեյքում

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 12-րդ դասական պարտիայում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ռուսաստանի հավակնորդ Սերգեյ Կարյակինը 30-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի՝ անցկացնելով ամենակարճ պարտիան այս մրցախաղում (35 րոպե): Սպիտակ ֆիգուրներով խաղում էր Կարլսենը:

Հաշիվը հավասար է՝ 6:6: Հիշեցնենք, որ 12 պարտիաներից 10-ն ավարտվել են ոչ ոքի:

Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 30-ին (Կարլսենի ծննդյան օրն է՝ 26-ամյակ) անցկացվելիք թայ-բրեյքում, որը կմեկնարկի արագ շախմատի 4 պարտիաներով՝ 25 րոպե + 10 վայրկյան ամեն քայլի համար: Եթե արագ շախմատի 4 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան ամեն քայլին: Անհրաժեշտության դեպքում, կանցկացվի եւս չորս բլից՝ երկուական պարտիաներով:

Ոչ ոքի արդյունքի դեպքում, կնշանակվի «արմագեդոն»՝ մեկ պարտիա: Սպիտակ ֆիգուրներով շախմատիստը կունենա 5 րոպե, մրցակիցը՝ 4: Սակայն սպիտակ ֆիգուրներով հանդես եկողը պարտավոր է հաղթել: Ոչ ոքին կնշանակի սեւ ֆիգուրներով խաղացած գրոսմայստերի հաղթանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով