00:26  ,  26 նոյեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Դուք ցանկանում էիք տեսնել Մխիթարյանին, ես՝ նույնպես

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է որոշել հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղում ֆրանսիացի Անտոնի Մարտիալի փոխարին խաղադաշտ դուրս բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մարտիալը պատրաստ էր այս խաղին, եւ նա տարբերակներից մեկն էր: Նա խաղացել էր շաբաթ օրը, իսկ ես չեմ կարող խաղադաշտ դուրս բերել 12 ֆուտբոլիստների կամ օգտագործել 19 կամ 20 փոխարինողների:

Դուք ցանկանում էիք տեսնել Մխիթարյանին, ես՝ նույնպես: Չեմ կարող խաղացնել բոլորին, այնպես որ դա տարբերակներից մեկն էր: Ֆուտբոլիստները պետք է արժանանան խաղալու հնարավորությանը:

Նրանք ընկերներ ու գործընկերներ են եւ միասին աշխատում են ամեն օր, սակայն, վերջիվերջո, ընտրությունը կատարվում է նրանց միջեւ: «Արսենալի» դեմ խաղին մասնակցեց Անտոնին, իսկ այսօր Մխիթարյանին հնարավորություն տալու պահն էր»,- Մոուրինյոի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում  Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ փոխարինվելով ընդմիջմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English