22:53  ,  11 նոյեմբերի, 2016

ԱԱ-2018. Հայաստանի հավաքականի հերոսական կամային հաղթանակը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղում մրցակիցը Չեռնոգորիայի հավաքականն էր, որը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 2 գոլի առավելություն ուներ առաջին խաղակեսից հետո, բայց պարտվեց 2:3 հաշվով: Հայկական թիմն անցկացրեց 2 շատ տարբեր խաղակեսեր, իսկ հաղթական գոլը խփեց վերջին վայրկյաններին:

Ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպման սկզբնամասն անցնում էր հանգիստ պայքարում, եւ թիմերը կարծես ուսումնասիրում էին միմյանց: Հայաստանի հավաքականը խաղում էր կարճ փոխանցումներով, իսկ հյուրերը հաճախ կատարում էին երկար փոխանցումներ: 6-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականն անցկացրեց խաղի առաջին վտանգավոր գրոհը, բայց Արսեն Բեգլարյանը տեղում էր: Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս ձախ կիսապաշտպանի դիրքում, թեեւ հաճախ տեղափոխվում էր կենտրոն եւ իր վրա վերցնում խաղը: 2 թիմերն էլ մրցակցի կիսադաշտում չէին դիմում պրեսինգի՝ խնայելով ուժերն ու սպասելով իրենց շանսին: Խաղի տեմպը բարձր չէր, իսկ խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում: 18-րդ րոպեին հյուրերը ստեղծեցին եւս մեկ վտանգավոր պահ, որից հետո Ֆատոս Բեչիրայի գլխի հարվածը շեղ ստացվեց: Չեռնոգորիայի հավաքականն աստիճանաբար ստացավ ոչ մեծ տարածքային առավելություն եւ ավելի հաճախ էր գրոհնում: 23-րդ րոպեին եղավ այս խաղի ամենաիրական գոլային պահը, որը գոլով ավարտել չկարողացավ իտալական «Ինտերի» հարձակվող Ստեւան Յովետիչը: Յովետիչն առանձնանում էր հյուրերի կազմում, իսկ Հայաստանի հավաքականի միակ հարձակվող Ռուսլան Կորյանը հազվադեպ էր գնդակ ստանում: Աստիճանաբար պասիվացել էր նաեւ Մխիթարյանը, եւ հյուրերի դարպասի մոտ ճնշում գրեթե չկար: 36-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմը բացեց հաշիվը: Արսեն Բեգլարյանը հետ մղեց անդրադարձով եկած հարվածը, բայց գնդակը հայտնվեց մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Դամիր Կոժոշեւիչի մոտ, որի հարվածը դիպուկ ստացվեց: 2 րոպե անց հյուրերը Հայաստանի հավաքականին պատժեցին կոպիտ սխալի համար: Հայաստանի թիմի իրացրած անկյունային հարվածից հետո մրցակիցը հեռացրեց գնդակը, իսկ Լեւոն Հայրապետյանն այն նվիրեց Ստեւան Յովետիչին, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ հաշիվը դարձրեց 0:2: Դաշտի տերերի հետ ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում եւ շուտով գնդակը կարող էր նաեւ երրորդ անգամ հայտնվել Բեգլարյանի դարպասում, բայց «Ալաշկերտի» դարպասապահը դժվարությամբ չեզոքացրեց սպառնալիքը: Խաղակեսի վերջնամասում Արթուր Պետրոսյանի թիմը ակտիվացավ եւ անցկացրեց մի քանի գրոհներ, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց եւ ուներ հսկայական առավելություն: Նախ Չեռնոգորիայի թիմը սկզբնամասում ստեղծեց եւս մեկ վտանգավոր պահ, իսկ քիչ անց տանտերերը 50-րդ րոպեին կրճատեցին հաշիվը: Գոլի դրվագում փայլեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, որը դաշտի կենտրոնից առաջ շարժվելուց հետո պատ խաղարկեց Ռուսլան Կորյանի հետ եւ առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականում: Գոլից հետո հայկական թիմն ակտիվացավ եւ նետվեց առաջ ու մեծ ճնշում էր գործադրում մրցակցի վրա: Դաշտի տերերը խաղային մեծ առավելությունը կարող էին գոլի վերածել 65-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը բարձր հարվածեց հարմար դիրքից: Չեռնոգորիայի հավաքականի մոտ այլեւս ոչինչ չէր ստացվում մեծ ուժերով պաշտպանվելուց բացի, իսկ հայկական թիմը շուտով խփեց նաեւ երկրորդ գոլը: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում 73-րդ րոպեին աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը: Բաց թողած գոլից հետո Չեռնոգորիայի հավաքականը նետվեց առաջ եւ շուտով 2 անգամ անհանգստացրեց Արսեն Բեգլարյանին: Վերջնամասում երրորդ գոլը խփելուն ավելի մոտ էին հյուրերը: 86-րդ րոպեին Ստեւան Յովետիչը եզրում շրջանցեց դարպասից դուրս եկած Արսեն Բեգլարյանին, բայց նրա հարվածից հետո դարպասային գծին հայտնված Հրայն Մկոյանը հեռացրեց գնդակը: 

Թվում էր, թե թիմերը կբավարարվեն մեկական միավորով, սակայն Գեւորգ Ղազարյանն այլ կարծիքի էր: Ավելացված երրորդ րոպեին պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը հեռու տարածությունից գրավեց դարպասը՝ կամային հաղթանակ պարգեւելով Հայաստանի հավաքականին:

Սա Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումն էր 2016 թվականին: ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Արթուր Պետրոսյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանին: 

Հայաստանի հավաքականը 3 միավորով բարձրացավ ընթացիկ նախավերջին տեղ: Չեռնոգորիան 7 միավորով առաջին տեղում է:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Չեռնոգորիա՝ 3:2

Արտակ Գրիգորյան, 50, Վարազդատ Հարոյան, 73, Գեւորգ Ղազարյան, 90+3 – Դամիր Կոժոշեւիչ, 36, Ստեւան Յովետիչ, 38

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Կամո Հովհաննիսյան, 81), Ռուսլան Կորյան (Արթուր Սարկիսով, 59):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով