12:42  ,  20 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնայի» դեմ անհաջող խաղից հետո Գվարդիոլան հիշել է կարիերայի վատագույն պարտությունը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունը 0:4 հաշվով:

«Անհատական սխալները թանկ նստեցին մեզ վրա: Ֆերնանդինյո, Կլաուդիո Բրավո. այո, նրանք սխալվեցին: Ունեցանք գոլային պահեր, սակայն չօգտագործեցինք դրանք: Հնարավոր չէ հաղթել՝ առանց գոլ խփելու:

Սա իմ կարիերայի վատագույն պարտությունը չէր: Վատագույնը «Բավարիայի» հետ էր, երբ մենք պարտվեցինք Մադրիդի «Ռեալին», իսկ ես սխալվեցին մեկնարկային կազմի հարցում: Ագուերոյին մեկնարկային կազմում դաշտ դուրս չբերելը կապված էր կիսապաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության հետ:

«Բարսելոնային» հաղթելը հեշտ չէ, հակտապես՝ 10 խաղացողներով: Մենք պայքարեցինք ուժեղ բնավորություն ունեցող մրցակցի հետ: Առաջին գոլի դրվագում մեր բախտը չբերեց: Կարելի է ասել, որ Բրավոյի հեռացումից հետո խաղն ավարտված էր: Արդեն զրուցել եմ Կլաուդիոյի հետ. նա հիասթափված է, սակայն նման իրադարձությունները խաղի մի մասն են: Ֆուտբոլում բոլորն են սխալվում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան 2008–2012-ը գլխավորել է «Բարսելոնան»: Նրա գլխավորությամբ Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշարի կիսաեզրափակիչում 2 պարտություն էր կրել Մադրիդի «Ռեալից» (0:1՝ Մադրիդում, 0:4՝ Մյունխենում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում