16:48  ,  5 հոկտեմբերի, 2016

The Guardian․ Վահան Բիչախչյանն՝ ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների թվում

Գյումրիի «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բրիտանական The Guardian-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականի 60 ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում: Գյումրեցի 17-ամյա ֆուտբոլիստի մասին հեղինակավոր պարբերականը գրում է հետեւյալը։

«Ոմանք Բիչախչյանին համարում է Հենրիխ Մխիթարյանի պես տաղանդավոր։ Նա «Շիրակի» գլխավոր թիմում նորամուտը նշել է 16 տարեկանում։ Վրացական «Դիլայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում նա դուրս եկավ փոխարինման եւ, դառնալով գոլի հեղինակ, իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ։ Նա դարձավ եվրագավաթներում գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը։

Խաղաոճով Վահանը նման է Կեւին դե Բրույնեին ու հիշեցնում է նաեւ երիտասարդ Ուեյն Ռունիին։ Բիչախչյանն ունի գոլային լավ հոտառություն եւ կարող է մեկը մեկի դիմաց շրջանցել մրցակցին։ «Շիրակի» կազմում առաջին մրցաշրջանում նա 8 խաղում դարձել է 2 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Պատահական չէ, որ նրան հրավիրել են Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Վահանը «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի որդին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում