04:21  +04,  27 օգոստոսի, 2016

Հայ մեդալակիր օլիմպիականների դիմավորումը Երեւանում (ֆոտո)

Նորանկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին Երեւանում դիմավորեցին հերոսավայել: 

Օլիմպիական չեմպիոնի եւ օլիմպիական փոխչեմպիոնների վերադարձն իսկական տոն էր: Չեմպիոնների ժամանումից ժամեր առաջ արդեն «Զվարթոց» օդանավակայանի սպասասրահը լի էր երկրպագուներով: Օդանավակայանում էին հավաքվել հազարավոր երկրպագուներ Գյումրիից, Էջմիածնից, Հայկաշենից, Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկների հարազատներ, բարեկամներ, տատիկ-պապիկներ:

Ավելի քան 2 ժամ պաստառները պարզած, մեդալակիրների անունները վանկարկելով, երգ ու պարով հայ երկրպագուները սպասում էին հերոսների ժամանելուն:

Նախ մինչ այդ երկրպագուները խումբ-խումբ տեղափոխվում էին «Զվարթնոց» օդանավակայանի տարբեր մասնաշենքեր, քանի որ մինչ մեդալակիրների օդանավի վայրէջք կատարելը կազմակերպիչները չէին կողմնորոշվում, թե որ մասնաշենքում պետք է լինի դիմավորման արարողությունը: Նախ որոշված էր, որ նախագահական մասնաշենքից են դուրս գալու, քանի որ դիմավորելիս ներկա է լինելու նաեւ ՀՀ նախագահը: Հետո փոխվեց որոշումը եւ երկրպագուները սկսեցին աստիճանաբար համախմբվել vip մասնաշենքի մոտ, սակայն վերջում Ռիոյի մեդալակիրները դուրս եկան ընդհանուր ժամանման սրահից:

Սրահում ասեղ գցելու տեղ չկար: Հավաքվածները հրում էին միմյանց, յուրաքանչյուրը ցանկանում էր առաջինը տեսնել օլիմպիական չեմպիոնին, մյուս մեդալակիրներին:

Սպասրահը «պայթեց», երբ դուրս եկան մեդալակիրները: Մեդալակիրներին դափնե պսակները հանձնեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Օդանավակայանի սպասասրահում հնչեց Հայաստանի հիմնը: Մեդալակիրներին մոտենալն ուղղակի անհնար էր: Նրանց շղթայի մեջ էին առել ոստիկանները: Դրսում մարզիկներին սպասվում էր շքեղ հրավառություն եւ շքեղ ավտոմեքենաներ՝ նրանց տուն հասցնելու նպատակով: Սակայն Ռիո-2016-ի հերոսները Երեւանի սիթի-տուրի ավտոբուսով ուղեւորվեցին Հանրապետության հրապարակ, նրանց հետեւից երկրպագուները՝ դրոշներով եւ ազդանշաններով:

Երկրպագուները հերոսավայել եւ որպես իսկական Օլիմպիական չեմպիոնի դիմավորեցին Միհրան Հարությունյանին: Ռիո-2016-ում կողմնակալ մրցավարության հետեւանքով օլիմպիական ոսկե մեդալից զրկված մարզիկը Հայաստանում արժանացավ իսկական օլիմպիական չեմպիոնի դիմավորման: Երկրպագուները չէին դադարում վանկարկել  «Միհրան-չեմպիոն»: Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները:

Ռիոյի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը վաղուց լքել էին Հանրապետության հրապարակը, իսկ Միհրան Հարությունյանի երկրպագուները թույլ չէին տալիս նրան հեռանալ:

Միհրան Հարությունյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ոսկե մեդալ նվեր ստացավ՝ որպես Հայաստանի 15-րդ օլիմպիական չեմպիոն:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում 1 ոսկե, 3 արծաթե մեդալով Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ տեղը:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում  2014թ. աշխարհի չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ պայքարում կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից:

Հայաստանին 2 արծաթե մեդալ պարգեւեցին ծանրորդները: Ռիոյում Հայաստանի առաջին մեդալը օգոստոսի 15-ին նվաճեց 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տեղը գրավեց 105 կգ քաշային կարգում: Գերծանր քաշային Գոռ Մինասյանն էլ արծաթե մեդալակիր դարձավ հաջորդ օրը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ