02:37  +04,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայ մարզիկների ելույթների ամփոփում

Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը հայտավորվել էր 32 մարզիկով՝ 7 մարզաձեւում (աթլետիկա, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ծանրամարտ, լող, ըմբշամարտ):

1 ոսկե, 3 արծաթե մեդալով Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ տեղը:

Աթլետիկա

Աթլետիկայի թիմը Ռիո-2016-ին ներկայացել էր 5 մարզիկով եւ գրանցեց համեստ արդյունք: Ամալյա Շառոյանը 36-րդ տեղը գրավեց հեռացատկի մրցաշարում, եռացատկորդ Լեւոն Աղասյանը եւս 36-րդն էր: Լիլիթ Հարությունյանը 400 մետր արգելավազքում գրավել էր վերջին՝ 48-րդ տեղը, իսկ արագավազորդներ Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը հանդես եկան 200 մետր վազքում: Չիլոյանը զբաղեցրել էր 66-րդ տեղը, Խուբեսերյանը՝ 67-րդ: Աթլետիկայի թիմից օլիմպիական ուղեգիր ուներ նաեւ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը, որը չէր հայտավորվել Խաղերին:

Բռնցքամարտ

Բռնցքամարտի հավաքականը Ռիո էր մեկնել 5 մարզիկով եւ մնաց առանց մեդալի:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել էր իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն առաջին մենամարտում 2:1 հաշվով հաղթել էր Ուգանդայի ներկայացուցիչ, 31-ամյա Ռոնալդ Սերուգոյին, իսկ 1/8 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, չինացի Յիանգուան Հուին:

56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտվել էր 2015թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իռլանդացի Մայքլ Քոնլանին: Մեկնարկում 25-ամյա Ավագյանը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ճապոնացի Արաշի Մորիսակայից: 

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւս մեկնարկել էր հաղթանակով, իսկ 1/8 եզրափակիչի մենամարտում պարտվել էր 28-ամյա չինացի Քսյանսուն Հուին: 1/16 եզրափակիչում Հովհաննես մենամարտել էր 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ եւ հաղթել 2:1 հաշվով: Այդ մենամարտի առաջին ռաունդում Բաչկովը նոկդաունի էր ենթարկվել, բայց կարողացել էր շարունակել պայքարը եւ հասնել հաղթանակի:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն էլ երկրորդ մենամարտի առաջին ռաունդում հոնքի արնահոսող վնասվածքի պատճառով տեխնիկական նոկաուտով պարտվել էր Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն (64 կգ քաշային կարգում), 27-ամյա կուբացի Ռոնիել Իգլեսիասին: 1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին:

Ձյուդո

Ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին, իսկ 1/8 եզրափակիչում պարտվել էր ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին, որը նվաճել էր Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը Ռիո-2016-ում:

Լող

Ռիո-2016-ում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Վահան Մխիթարյանն ուժերը փորձեց ազատ ոճով 50 մետրում եւ գրավեց 47-րդ տեղը: Մոնիկա Վասիլյանն էլ հայտավորվել էր կանանց ազատ ոճի 50 մետրի մրցմանը, սակայն հանդես չեկավ ձեռքի վնասվածքի պատճառով:

Ծանրամարտ

Հայ ծանրորդները Հայաստանին պարգեւեցին 2 արծաթե մեդալ: Հայաստանի առաջին մեդալը օգոստոսի 15-ին նվաճեց 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում: Գերծանր քաշային Գոռ Մինասյանն էլ արծաթե մեդալակիր էր դարձել հաջորդ օրը: Գերծանր քաշային կարգում հանդես եկավ նաեւ Ռուբեն Ալեքսանյանը, որը զբաղեցրեց չորրորդ տեղը:

77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւս մեդալի իրական հավակնորդ էր, բայց հրում վարժության ժամանակ վնասեց ձեռքը եւ լքեց պայքարը: 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել եւ չմասնակցեց նաեւ հրում վարժությանը: 

Կանանց մրցաշարում Նազիկ Ավդալյանը (69 կգ) գրավեց 5-րդ տեղը, իսկ Սոնա Պողոսյանը (75 կգ) բավարարվեց 10-րդ տեղով:

Սպորտային մարմնամարզություն

Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում դուրս եկավ եզրափակիչ եւ գրավեց 7-րդ տեղը: Արթուր Դավթյանը չհաղթահարեց հենացատկի վարժության որակավորման փուլը: Հուռի Գեբեշյանն էլ դարձավ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի պատմության մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, բայց ամերիկահայ մարզուհին չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը եւ լքեց պայքարը:

Ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին ներկայացել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով: Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի ելույթը հաջող չստացվեց: Նախ Գառնիկ Մնացականյանը (57 կգ) պարտությամբ մեկնարկեց եւ լքել պայքարը, իսկ Լեւան Բերիանիձեն (125 կգ), պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում: 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 97 կգ քաշային Գերոգի Կետոեւը հանդես եկան Խաղերի վերջին օրը եւ պարտվեցին մեկնարկում:

Հրաձգություն

Հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը 24-րդն էր օդամուղ հրացանի 10 մետրի մրցաշարում:

Հիշեցնենք, որ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ ու Բելգիայի եւ Ֆինլանդիայի հետ 60-63-րդ տեղերն էր բաժանել մեդալային հաշվարկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: