10:40  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Վերջին օրվա ծրագիրը, Հայաստանն ունի 2 մասնակից, Միշա Ալոյանը կմենամարտի ոսկե մեդալի համար

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը կվիճարկվի մեդալների 12 հավաքածու: Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարի կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի 24-ամյա Ֆրանկ Մարկեսի հետ: Հաղթանակի դեպքում 27-ամյա Սաֆարյանը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին:

30-ամյա Գեորգի Կետոեւը եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: Մեկնարկային գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 15:30-ից:

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում կմենամարտի ոսկե մեդալի համար:

Վերջին օրվանից առաջ Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 42-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 43 ոսկե, 37 արծաթե ու 36 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 27 ոսկե, 22 արծաթե եւ 17 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ: Ռուսաստանը դարձյալ շրջանցել է գերմանացիներին եւ 17 ոսկե, 17 արծաթե ու 19 բրոնզե մեդալով բարձրացել չորրորդ տեղ:

Ռիո-2016. 16-րդ օր, եզրափակիչներ

16:30 (Երեւանի ժամանակով). Աթլետիկա, տղամարդիկ, մարատոն

18:00. Գեղարվեստական մարմնամարզություն, թիմային վարժություն

19:30. Լեռնային հեծանիվ, տղամարդիկ, կրոս-քանթրի (կտրտված տեղանքում)

20:15. Վոլեյբոլ, տղամարդիկ, Բրազիլիա - Իտալիա

20:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 65 կգ (Դավիթ Սաֆարյան)

20:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 97 կգ (Գեորգի Կետոեւ)

21:00. Բռնցքամարտ, կանայք, 75 կգ

21:00. Հանդբոլ, տղամարդիկ, Ֆրանսիա – Դանիա

21:15. Բռնցքամարտ, տղամարդիկ, 52 կգ, Միշա Ալոյան (Ռուսաստան) – Շախոբիդին Զոիրով (Ուզբեկստան)

22:00. Բռնցքամարտ, տղամարդիկ, 64 կգ 

22:15. Բռնցքամարտ, տղամարդիկ, 91 կգ 

22:45. Բասկետբոլ, տղամարդիկ, ԱՄՆ - Սերբիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում