09:14  ,  21 օգոստոսի, 2016

Նազիկ Ավդալյան. Ամենայն հավանականությամբ, կշարունակեմ մնալ մեծ սպորտում

Մեջքիս վնասվածքը թույլ չտվեց պայքարել մեդալի համար: Շատ եմ ցանկանում մասնակցել Եվրոպայի հաջորդ առաջնությանը:

Այս մասին ասել է Ռիո-2016-ում ծանրամարտի կանանց 69 կգ քաշայինների պայքարում 5-րդ տեղ զբաղեցրած, այս տարվա Եվրոպայի չեմպիոն, 2009 թվականի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ մեկնաբանելով իր մասնակցությունն ու արդյունքները Ռիո-2016-ում:

Նազիկ Ավդալյանը Հայաստանի օլիմպիականների առաջին խմբի հետ վերադարձել է հայրենիք:

«Ես գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից եւ թե ինչպես հանդես եկա Օլիմպիական խաղերում: Ինձ համար սա զուտ մասնակցություն չէր: «Կարեւորը մասնակցությունն է» կարգախոսով չեմ առաջնորդվել Ռիո-2016-ում:

Եվրոպայի առաջնությունից հետո եղան չնախատեսված վնասվածքներ, որոնք բոլորովին չէին մտնում իմ պլանների մեջ, խանգարեցին մարզումներիս: Այն կիլոգրամները որոնք ես արձրացրեցի Ռիոյում, այն կիլոգրամները չէին, որ ես էի նախատեսել: Եթե մարզումներս ընթանային իմ ծրագրերին համապատասխան, ես ավելի շատ կիլոգրամներ կկարողանայի բարձրացնել: Բայց ես Եվրոպայի առաջնությունից հետո 2 ամիս ընդհանրապես չմարզվեցի: Մեդալի համար պայքարին խանգարեցին հենց այդ վնասվածքները: Ես ունեի նաեւ մեջքի մեկ այլ վնասվածք, որը կապ չուներ իմ մեջքի հիմնական խնդրի հետ:

Ռիո-2016-ն արդեն անցյալում է: Ես մեկ ամիս կհանգստանամ, որից հետո նոր կորոշեմ՝ ցանկանում եմ շարունակել մարզվել, թե ոչ: Բայց ամենայն հավանականությամբ, կշարունակեմ մեծ սպորտում մնալ, քանի որ մեծ ցանկություն ունեմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Նազիկ Ավդալյանը:

Հիշեցնենք, որ 69 կգ քաշայինների պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա չեմպիոնը ցույց է տվել 107 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բարձրացրել 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը գրավել է 5-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս