21:14  ,  20 օգոստոսի, 2016

Ռոբերտ Էմմիյան. Հայ աթլետների արդյունքները Ռիոյում բավարար չեմ համարում

Բավարար չեմ համարում իմ մարզիկների մասնակցությունը: Համոզված եմ, որ էլ ավելի լավ արդյունքներ կարող էինք ունենալ, էլ ավելի լավ մասնակցություն ունենալ:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը՝ ամփոփելով Ռիո-2016-ում հայ աթլետների մասնակցությունը: Հինգ մասնակիցներից ոչ մեկը չհաղթահարեց նախնական փուլի արգելքը:

Պարոն Էմմիյան, ի՞նչ տպավորություններով վերադարձաք Օլիմպիական խաղերից:

Մեծ տպավորություններով վերադարձել ենք Հայաստան: Ռիո-2016-ը կարծում եմ շատ կտպավորվի յուրաքանչյուր օլիմպիականի մեջ: Շնորհավորում եմ բոլորիս օլիմպիական չեմպիոն ունենալու կապակցությամբ: Ես եվս մեկ անգամ համոզվեցի, որ հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է, որ ունենք հրաշալի մարզիկներ եւ նրանց մարզող մասնագետ մարզիչներ: Արդյունքը Ռիո-2016-ի մեդալներն են:

Աթլետների արդյունքները գոհացրի՞ն Ձեզ:

Ուրախ եմ, որ մեծ կազմով այս Խաղերին մասնակցեցինք: Մեր թիմն իսկապես շատ լավն էր: Մեր աթլետներն ուժեղ են: Բայց արդյունքները չգոհացրին ինձ: Ես մեր մրցելույթները անհաջող եմ համարում: Անհրաժեշտություն ունենք մեր աթլետների մրցելույթները վերլուծության ենթարկել, հասկանալ անհաջողության ու վատ արդյունքների պատճառները: Բավարար չեմ համարում իմ մարզիկների մասնակցությունը: Համոզված եմ, որ էլ ավելի լավ արդյունքներ կարող էինք ունենալ, էլ ավելի լավ մասնակցություն ունենալ:

Պարոն Էմմիյան, նախքան Ռիո մեկնելը հայտարարվում էր, որ Հայաստանն առաջին անգամ Խաղերին մասնակցում է 33 օլիմպիականներով, բայց միայն Ռիոյում պարզ դարձավ, որ 6 աթլետներից 5-ը իրավունք ունեն մասնակցելու Խաղերին: Հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը հայտավորված չէր Խաղերին: Ի՞նչ խնդիր կար իրականում:

Գոռի հետ խնդիրը կապված էր նրա վնասվածքի հետ: Ես իսկապես ուրախ էի, որ մենք այս Խաղերում հանդես էինք գալիս աննախադեպ՝ 6 աթլետներով: Սակայն Ռիոյում պարզվեց, որ Գոռը չի կարող մասնակցել Խաղերին իր վնասվածքի պատճառով: Բանն այն է, որ վերջին վարկանիշային մրցաշարից հետո Գոռի մոտ լուրջ վնասվածք կար: Նա վարկանիշ ուներ, բայց ես խորհրդակցեցի Գոռի հետ եւ որոշեցինք չհայտավորվել մրցումներին: Ես խոսել եմ թե Գոռի, թե իր մարզիչի, թե մեր ղեկավարության հետ եւ եկել ենք այն համոզմանը, որ պետք չէ Գոռի մասնակցությունը: Մասնակցելու դեպքում շատ հավանական է, որ հետագայում ավելի մեծ առողջական խնդիրների առաջ կանգներ: Խնդիրն այն է, որ մենք այնտեղ որոշեցինք նրան չհայտավորել, որպեսզի չմասնակցի Խաղերին:

Գոռ Ներկարարյանը շատ հեռանկարային աթլետ է, եւ ես չցանկացա նրա ապագայի համար խնդիրներ ստեղծել: Նա հնարավորություն ուներ եզրափակիչ մտնելու, բայց մենք չցանկացանք ռիսկի դիմել: Սա իհարկե լավ չէ, բայց մյուս կողմից էլ լավ է, որ նա այնտեղ գտնվեց, հետեւեց Խաղերին, մեր մարզումներին մասնակցեց, շատ խորհուրդներ եմ ես նրան տվել.  մեծ փորձ էր դա եւ դրական է անդրադառնալու հետագա մարզական կարիերայի վրա: Գոռն այնպես պետք է անի, որ արդեն բոլոր մրցումներին առանց վնասվածքների մասնակցի: Երիտասարդ է եւ վստահ եմ, որ պետք է արդարացնի իրեն:

Ի՞նչ կտա հայ աթլետներին մասնակցությունը Օլիմպիական խաղերում:

Օլիմպիական խաղերը մեծ փորձ էր մեր կազմից յուրաքանչյուրի համար: Նրանք մրցեցին շատ հզոր աթլետների հետ, հրաշալի մարզադաշտում: Սա մեծ պատասխանատվություն է աթլետների համար, իրենց ապագայի համար վստահ եմ, որ մեծ ներդրում կունենա եւ արդյունքները կբարձրանան:

Ես որոշել եմ հավաքել բոլոր մարզիկներին, մարզիչներին, ընդհանուր քննարկում անենք եւ փորձենք այնպես անել, որ մեր արդյունքները բարելավվեն: Հայ աթլետների համար բոլոր պայմանները ստեղծված են լավ արդյունքներ ունենալու համար: Ես սպասում էի լավ արդյունքների, բայց այն ինչ ցույց տվեցին մեր օլիմպիական աթլետները Ռիոյում, ինձ չբավարարեց: Սպասում էի ավելիին:  Ես մեր մարզիկների համար շատ ցավում եմ եւ շատ ջանք ու եռանդ եմ թափելու, որ հասնեն հաջողությունների:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով