02:10  ,  17 օգոստոսի, 2016

Գյումրին ցնծում է. «Սպիտակ արջի» հաղթանակը տոնում են հրավառությամբ, զուռնա- դհոլով (ֆոտո)

Գյումրիի Վարդանանց հրապարակում հարյուրավոր գյումրեցիներ միասին են դիտել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթական գոտեմարտը Ռիոյի Օլիմպիական խաղերում։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, գյումրեցի ըմբիշի հաղթանակը հավաքվածները ընդունել են մեծ ցնծությամբ։ Գյումրեցիները ուրախությունից գրկում էին միմյանց, շնորհավորում։ Հրապարակում այս պահին էլ պարում են եւ տոնում «Սպիտակ արջի» հաղթանակը։

 Ըմբիշի պատվին նաեւ տոնական հրավառություն եղավ Վարդանանց հրապարակում։ Ամբողջ Գյումրին այս պահին արթուն է, ավտոմեքենաներով դուրս են եկել փողոց եւ քաղաքում շրջում են եռագույն դրոշներով եւ ցնծության ազդանշաններով։

Հիշեցնենք, որ 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում