05:09  +04,  16 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականի մարզիչը՝ Ռիոյից. Սիմոն Մարտիրոսյանը գերհզոր տղա է եւ պատվով կատարեց խնդիրը

Սիմոն Մարտիրոսյանը գերհզոր տղա է: Նա պատվով կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Դեռեւս Նանջինգ-2014-ից մենք սպասելիքներով նախապատրաստվել էինք այս օրվան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, որի անմիջական ուղեկցությամբ էլ Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյում դուրս էր գալիս օլիմպիական մրցահարթակ:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում 19-ամյա Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցեց 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ եւ նվաճելով Ռիո-2016-ի արծաթե մեդալը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրորդներն Օլիմպիական խաղերում առաջին անգամ են նվաճում արծաթ մեդալ:

Պարոն Խաչատրյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է Սիմոն Մարտիրոսյանի օլիմպիական արծաթե մեդալի կապակցությամբ: Ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ հասկացաք՝ արծաթե մեդալը Սիմոնինն է: 

Շնորհավորում եմ բոլորիս, ամբողջ հայ ազգին: Սիմոն Մարտիրոսյանն իմ շատ լավ ընկեր Աշոտ Փիլոսյանի աշակերտն է, մարզվում է մեր դպրոցում: Արդեն 5 տարի է՝ միասին ենք մարզվում հավաքականում: Սպասելիքներ ունեինք, մեդալի հույսով էինք եկել Ռիո: Դեռեւս Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերից արդեն մենք սպասելիքներ ունեինք Սիմոնից Օլիմպիական խաղերում: Այդ ժամանակից արդեն նախապատրաստում էինք նրան Ռիոյի Օլիմպիական խաղերին: Եվ Սիմոն Մարտիրոսյանը մեծ պատվով կատարեց իր վրա դրված առաջադրանքը՝ լսելով, հավատալով, քրտնաջան աշխատելով եկավ հասավ այս արդյունքին:

Ի՞նչը պակասեց ոսկու համար:

Գուցե տարիքը պակասեց, մի փոքր փորձը մեծերի կազմում պայքարելու: Օլիմպիական խաղերը մի քիչ ճնշող են, այստեղ էմոցիաները շատ են: Բայց որ հնարավորություն ուներ շատ մեծ, դա պարզ էր: Եթե 195 կգ պոկումը եւ 234 կգ հրումը չփչացներ արդեն ոսկե մեդալը նրանը կլիներ: Բայց նա այսօր չի պարտվել, նա հաղթող է, նա զիջեց շատ արժանի ծանրորդի: Հուսով եմ, որ հաջորդ Օլիմպիական խաղերին այդպիսի բացթողումներ չեն լինի:

Չի տխրե՞լ, որ ոսկին ձեռքից բաց թողեց:

Տխրել է, բայց այսպիսի արդյունքը իսկապես ուրախալի է այս թեժ պայքարում, սա իր առաջին մեծ հաջողությունն էր, բարձր կարգի մեդալը մեծահասակների պայքարում: Շատ լավ արդյունք է:

Երկու վարժությունների երրորդ մոտեցումները ձախողեց: Հուզմունքն էր պատճա՞ռը:

Չէի ասի, թե հուզմունքն էր պատճառը: Գուցե նաեւ հուզմունքն էր, բայց ֆիզիկականն էլ իր դերն ուներ. մի փոքր սխալ կատարելու դեպքում, մի փոքր առաջ գնալու դեպքում 234 կգ ահռելի ծանրություն է, ծանրաձողն արդեն չի ենթարկվում քեզ: Չստացվեց պարզապես:

Մեկ բառով ինչպե՞ս կնկարագրեք օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին:

Սիմոնը խելացի, հզոր, գերհզոր տղա է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ