NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Oլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկներին:
Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 98 կգ քաշային կարգ:
Ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում:
Արթուր Ալեքսանյանը 2012 թ. Եվրոպայի չեմպիոն է, 2013 թ. Եվրոպայի եւ աշխարհի փոխչեմպիոն, 2013-2014 թթ. Եվրոպայի չեմպիոն, 2014-2015թթ. աշխարհի չեմպիոն, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2014-2015թթ. Հայաստանի լավագույն մարզիկն է եղել:
Ռիո-2016-ը Արթուր Ալեքսանյանի երկրորդ Օլիմպիական խաղերն են: 2012-ին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին եւ նվաճել բրոնզե մեդալ:
Անձնական մարզիչն է հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը:
Գեւորգ Ալեքսանյան
«Բոլոր հայրերը, ովքեր ունեցել են սպորտային մասնագիտություն, ձգտում են, որ իրենց որդիները նույնպես սպորտի մեջ լինեն: Սպորտն այն բնագավառն է, որը կոփում է մարդուն ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես: Ես Արթուրին տվել եմ սպորտի, որպեսզի նա ուժեղ, հզոր մարդ լինի: Այդ նույն հայրերը, ովքեր չեն հասել բարձր արդյունքների իրենց մարզական կարիերայում, ձգտում են, որ իրենց երեխաները մեծ նվաճումների հասնեն՝ աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների, Օլիմպիական բարձունքների: Ինձ մոտ էլ է այդպես. ես չեմ հասել օլիմպիական բարձունքներին, ուզում եմ ու միշտ ուզել եմ, որ ինքը հասնի օլիմպիական մեծ նվաճումների:
Արթուր Ալեքսանյանը մարզիկ է, ում հետ կարող ես հեռանկարներ կառուցել, ապագա կառուցել. մարզիկ ով կարողանում է անել այն, ինչ իր հետ ծրագրում ես, նպատակ ես դնում, աշխատում ես: Թվում է թե համեստ մարզիկ է, մասնավորապես, գորգի վրա, բայց գորգի վրա անհամեստ է, հեշտ ու հանգիստ միավոր չի տալիս, միշտ առաջ է գնում, չզիջող ու պայքարող մարզիկ է:
Լիովին այլ զգացողություն է երբ հաղթողը, չեմպիոնը քո որդին է, երբ դու աշխարհի չեմպիոնի հայր ես: Այն ծավալուն ու ծանր աշխատանքը, որ մենք տարել ենք այս քառամյա ցիկլի ընթացքում, կուզեմ, որ հաջողությամբ գոտեմարտեր անցկացնի եւ բարձր արդյունքով, հաղթանակով ավարտի իր երկրորդ օլիմպիական մրցելույթը: Ուզում եմ, որ ինքը կարողանա իր բոլոր հնարավորությունները Ռիոյի գորգի վրա ցույց տա»:
Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ում օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 16-ին:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում