01:22  +04,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայ բռնցքամարտիկները մեդալ չնվաճեցին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում ելույթն ավարտեց առանց մեդալների: Ռիո-2016-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը եւս լքեց պայքարը:

52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 24-ամյա Աբգարյանը 0:3 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, չինացի Յիանգուան Հուին: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթել էր Ուգանդայի ներկայացուցիչ, 31-ամյա Ռոնալդ Սերուգոյին:

Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում հաղթեց Ֆրանսիացի Էլի Կոնկիին եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 5 մարզիկով՝ Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ) եւ Վլադիմիր Մարգարյան (69 կգ):

Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել էր իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտվել էր 2015թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իռլանդացի Մայքլ Քոնլանին: Մեկնարկում 25-ամյա Ավագյանը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ճապոնացի Արաշի Մորիսակայից: 

23-ամյա Հովհաննես Բաչկովը եւս մեկնարկել էր հաղթանակով, իսկ 1/8 եզրափակիչի մենամարտում պարտվել էր 28-ամյա չինացի Քսյանսուն Հուին: 1/16 եզրափակիչում Հովհաննես մենամարտել էր 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ եւ հաղթել 2:1 հաշվով: Այդ մենամարտի առաջին ռաունդում Բաչկովը նոկդաունի էր ենթարկվել, բայց կարողացել էր շարունակել պայքարը եւ հասնել հաղթանակի:

Վլադիմիր Մարգարյանն էլ երկրորդ մենամարտի առաջին ռաունդում հոնքի արնահոսող վնասվածքի պատճառով տեխնիկական նոկաուտով պարտվել էր Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն (64 կգ քաշային կարգում), 27-ամյա կուբացի Ռոնիել Իգլեսիասին: 1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս