02:45  +04,  15 օգոստոսի, 2016

Հակոբ Սերոբյանը՝ Ռիոյից. Հարություն Մերդինյանը պետք է ոգեւորվեր, որ իր մրցելույթին հետեւում էին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը

Զայրացած եմ, հիասթափված եմ ինքս ինձանից: Ոչ ոք մեղավոր չէր: Ես եմ մեղավոր: Ինչ-որ մի բան այն չէր, ինչ-որ մի բան պակասեց Հարություն Մերդինյանին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մենաբանելով Հարություն Մերդինյանի մրցելույթը նժույգի վարժության օլիմպիական եզրափակիչում:

Հարություն Մերդինյանը եզրափակիչում ցույց տվեց 14.933 արդյունք, որը 8 ուժեղագույնի մեջ 7-րդ տեղ ապահովեց նրան:

«Զայրացած եմ, հիասթափված եմ ինքս ինձանից: Ոչ ոք մեղավոր չէր: Ես եմ մեղավոր: Ես միայն ինձ եմ մեղադրում: Ուրեմն մի բան այն չէր, ուրեմն մի բան պակաս արեցինք, ուրեմն մի բան քիչ արեցինք:

Ես չեմ ընդունում պատճառաբանությունները, թե վնասվածքներ կան, ձեռքն է ցավում, ոտքն է ցավում: Ես երբեք չեմ ընդունի արդարացումներ: Ինչ անենք, թե ցավում էր. սա Օլիմպիական խաղեր է: Ես անձնամբ՝՝ ինձ ու իմ սանին ասում եմ ՝ եթե դու եկել ես Օլիմպիական խաղեր, պետք է մոռանաս ամեն ցավ ու պատճառ:

Հարություն Մերդինյանը 26-27 տարի չարչարվել է, տարիների տանջանջ է քաշել, մենք էլ իր հետ հավասար: Թե այդ պահին ինչ իր հետ կատարվեց, չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ: Ինչ անեինք, թե ցավեր ուներ, ուրեմն պետք է չանե՞ր, հասել ենք այստեղ: 

Եթե դուրս ես գալիս մրցահարթակ, այն էլ օլիմպիական մրցահարթակ, մի կողմ պետք է դնես բոլոր վախերը, պետք է համարձակ անես այն, ինչին տիրապետում ես: Իրենք իմ տղաներն են, ես իրենց բազմիցս ասել եմ՝պետք չէ վախենալ ոչ մրցավարներից, ոչ որեւիցե մեկից. ինչ անենք, որ փոքր Հայաստանից ենք, մենք ուժեղ ենք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հարություն Մերդինյանի օլիմպիական մրցելույթին տրիբունայից հետեւել են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե գուցե երկրի նախագահի ներկայությունն է ավելորդ լարվածություն առաջացրել մարզիկի մոտ, Հակով Սերոբյանը պատասխանեց.

«Հակառակը պետք է լիներ. Հարութը պետք է ոգեւորվեր, որ եկել էին իր մրցելույթին հետեւելու: Ես անձամբ շատ ոգեւորվեցի, որ մեր ելույթը եկել էին դիտելու: Դա նշանակում է՝ արդեն մարմնամարզությունը ապագա ունի, մարդիկ հույսեր են կապում: Եթե նախկինում Օլիմպիական խաղերում եզրափակիչ դուրս գալը մեզ համար անկատար երազանք էր, ինչի մասին խոսում էինք ուղղակի երազելով, այսօր այս տարիների ընթացքում մենք մեդալի հավակնորդ են դարձել: Ես անկեղծ կլինեմ. Հարութը լիարժեք բրոնզե մեդալի էր արժանի: Չէինք կարող չեմպիոն դառնալ. անկեղծ լինենք, բայց նա մաքուր բրոնզե մեդալակիր էր:

Հարութը պետք է աներ այն, ինչ ինքը կարողանում էր, պիտի ոգեւորվեր՝ տեսնելով նախագահին:

Պարզ եմ ասում՝ ես եմ մեղավոր. ուրեմն մի բան այն չարեցինք, մի բան պակաս էր»:

Հարություն Մերդինյանի միավորների ու մրցավարների գնահատականի մասին գլխավոր մարզիչն ասաց, որ վարժության թերությունները հաշվի առնելով՝ բարձր էին միավորները:

«Ավարտի ցատկից արդեն 3/10-ական բարդության միավորները միանգամից իջան: Բացի այդ Հարութը շատ սխալ արեց, որ այդտեղ ավարտեց: Դա սխալ էր: Այդ միավորները, որ ստացել է՝ նորմալ գնահատականներ են: Դեռ ավելին, մի բան էլ շատ է ստացել: Ոչ ոք չի կարող ասել՝ մրցավարները ցածր դատեցին:

Ես այս տղաներին շատ եմ սիրում: Հարություն Մերդինյանն արժանի էր մեդալի. այդքան չարչարանք, այդքան երազանք,  տարիների աշխատանք: Գուցե մենք էլ քիչ էմոցիոնալ պետք է լինենք, այսքան նվիրվել, այսքան ապրումներ ունենալ երեւի պետք չէ (ծիծաղում է): Ծիծաղում եմ, բայց սրտիցս արյուն է գնում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ նժույգի վարժության օլիմպիական որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հավաքել էր 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս