20:31  +04,  14 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հովհաննես Բաչկովը եւս դուրս մնաց պայքարից

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 64 քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս եկավ 28-ամյա չինացի Քսյանսուն Հուի դեմ:

Առաջին ռաունդում հաղթեց հայ մարզիկը, երկրորդ եւ երրորդ ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին չինացի բռնցքամարտիկին:

Քառորդ եզրափակիչում չինացու մրցակիցը կլինի ռուսաստանցի Վիտալի Դունայցեւը: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին:

1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը 2:1 հաշվով հաղթել էր 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնին:

23-ամյա Հովհաննես Բաչկովը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող,Վենեսուելայի վարկանիշային մրցաշարի հաղթող: Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Վենեսուելայում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում։ Ամուսնացած է, ունի որդի։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը հանդես եկավ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում: Մրցակիցը իռլանդացի Մայքլ Քոնլանն էր, որն առաջին շրջանում ազատ էր: Իռլանդացի բռնցքամարտիկը երեք ռաունդներում էլ առավելություն ուներ եւ հաղթեց 3:0 հաշվով: 24-ամյա Քոնլանը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է 52 կգ քաշային կարգում, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն է 56 կգ քաշային կարգում:

52 կգ քաշային կարգում 24-ամյա  Նարեկ Աբգարյանը 1/16 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթանակ տարավ  Ուգանդայի ներկայացուցիչ, 31-ամյա Ռոնալդ Սերուգոյի նկատմամբ:

Հաջորդ շրջանում Նարեկ Աբգարյանի մրցակիցը կլինի չինացի Յիանգուան Հուն: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը երկրորդ մենամարտի առաջին ռաունդում հոնքի արնահոսող վնասվածքի պատճառով տեխնիկական նոկաուտով պարտվեց Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն (64 կգ քաշային կարգում), 27-ամյա կուբացի Ռոնիել Իգլեսիասին: 1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել էր իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: