21:50  +04,  13 օգոստոսի, 2016

«Մի օլիմպիականի պատմություն». Նարեկ Աբգարյան (ֆոտո)

NEWS.am Sport-ի «Մի օլիմպիականի պատմություն» շարքի հերոսը բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, 2008 թ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012 թԵվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանն է։

Նարեկ Աբգարյանի մանկության երազանքն այսօր իրականություն կդառնանա դուրս կգա օլիմպիական ռինգ: Մասնակցության իրավունքը նվաճել էր Թուրքիայում։ 

Ի՞նչ հիշողություններ ունես մանկությունիցդ։ Ինչպե՞ս ես ընտրել բռնցքամարտը:

Ընտանիքում երկու երեխա ենք՝ ես ու եղբայրս։ Ամենաակտիվն ու չարը ես եմ եղել։ Փոքր տարիքում դաշնամուրի եմ գնացել։ Հիշում եմ, որ ինձ մի կերպ էին տանում դաշնամուրի։ Չէի սիրում։ Տանը դաշնամուր ունեինք ու ստիպված գնում էի դասերին։ Հետո չհամակերպվեցի, բայց որոշեցի շարունակել դաշնամուրի դասընթացներս, որ ինձ տանեն սպորտի։ Մեր տանը միշտ բռնցքամարտի մասին զրույցներ են եղել՝ հայրս, հորեղբայրս են զբաղվել այս մարզաձեւով։ Ավագ եղբայրս գնաց բռնցքամարտի, ես էլ այնքան էի լսել այս մարզաձեւի մասին, որ արդեն սիրում էի ու ձգտում էի անպայման մարզվել։

13 տարեկանում մասնակցեցի միջազգային մրցաշարի Պյատիգորսկ քաղաքում, հաղթող դարձա եւ լավագույն մենամարտի մրցանակ շնորհեցին ինձ։ Այդ ժամանակ լավ տպավորություններով եւ ոգեւորվածությամբ հետ եկա եւ հասկացա, որ ամեն ինչ շատ լուրջ է։ Առաջին անգամ մեդալ էի ստացել, պատվոգիր եւ գումար։ Շատ ոգեւորվեցի ու որոշեցի՝ դառնալու եմ բռնցքամարտիկ։

Ինձ համար կարեւոր է, որ մարդ իր գործն անի սիրելով։ Ես շատ եմ սիրում այս մարզաձեւը եւ երբեք չեմ ափսոսում, որ ընտրել եմ ինձ համար կյանքի ուղի։ Սիրելով եմ մարզվում, մրցումների մասնակցում, հաղթանակներ գրանցում, նույնիսկ պարտությունները չեն կոտրում իմ սերը բռնցքամարտի հանդեպ։

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել մարզական կարիերայում եւ ի՞նչպես ես հաղթահարել դրանք։

Հիասթափություններ շատ-շատ եմ ունեցել իմ մարզական կարիերայում։ Բռնցքամարտը հայտնի է իր անարդարություններով, կողմնակալ մրցավարությամբ։ Ամենամեծ հիասթափությունն այն է, երբ դու հաղթում ես, բայց քեզանից քո հաղթանակը խլում են։ Անարդարություններից շատ ես ընկճվում։ Բայց դրանք հաղթահարվում են։ Հիասթափություններ պետք է լինեն սպորտում, որ էլ ավելի ոգեւորվես եւ նպատակ դնես քո առջեւ։ Չես կարող մի պարտության պատճառով հրաժարվել մի ամբողջ կարիերայից։ Բռնցքամարտով զբաղվողները կհաստատեն խոսքերս, որ այս մարզաձեւն այնքան է մտնում քո կյանքի մեջ, արյանդ մեջ, որ մի օր մարզադահլիճ չես մտնում, թմրանյութի պես պահանջ ես զգում։ Իսկ դժվարությունները տրված են հաղթահարելու համար։ Պարտվեցիր կամ քեզանից խլեցին հաղթանակդ, մեկ օրից ազատվում ես պարտվողի հոգեբանությունից ու շարունակում պատրաստվել հաջորդ մրցաշարիդ ու ավելի մեծ եռանդով, որ հաղթողը դու լինես։

Եթե չլիներ սպորտը...

Սպորտը կյանքի դպրոց է։ Եթե ես մարզիկ չլինեի, սպորտով չզբաղվեի, իմ կյանքը չնվիրեի սպորտին, վստահ եմ, որ կյանքս լավ չէր դասավորվի։ Միշտ մտածել եմ՝ եթե չլիներ սպորտը, երեւի կյանքում անպետք մարդ լինեի՝ բեսեդկաներում նստող, խմող, օր գլորող։ Ինձ մեծ դաստիարակություն է տվել սպորտը։

Մի քանի բառով ինչպե՞ս կբնութագրես քեզ։

Պահանջկոտ եմ, խանդոտ, սիրում եմ, երբ ամեն ինչ իմ ենթակայության ու հսկողության տակ է։ Ընկերասեր եմ, բայց դժվարությամբ եմ ընկերանում։ Ժամանակ ու տարիներ են պետք ինչ-որ մեկի հետ մտերմանալու համար։

Ո՞րն է քո երջանկության բանաձեւը։

Երջանիկ մարդ եմ, որ ունեմ ծնողներ, նրանք առողջ են ու իմ կողքին, բախտավոր եմ ինձ համարում, որ գտել եմ իմ կյանքի կեսին, սիրում եմ ու սիրված եմ, ու հաջողակ եմ ինձ համարում, որ ունեմ կարիերա ու զբաղվում եմ իմ սիրած գործով-սպորտով։

Անձնական կյանքն ու սպորտը  չեն «խանդո՞ւմ» իրար։

Խանդում են։ Երբեմն անհնար է համատեղել անձնական կյանքն ու սպորտը։ Գտել եմ իմ կյանքի կեսին, ում հետ ցանկանում եմ կյանքս կապել։ Նա Հայաստանում չի ապրում, ես մշտապես հավաքների ու մրցումների եմ։ Ուշ-ուշ ենք հանդիպում։ Գալիս է Հայաստան ու շատ հաճախ ես լինում եմ հավաքների։ Մտքումս միայն նա է պտտվում ու չեմ կարողանում կենտրոնանալ մարզումների վրա։ Փորձում եմ այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի, որովհետեւ «երկուսն» իմ սիրածն են, իմ ընտրածը։

Ինձ համար երջանկությունը կարիերայի, սիրած աշխատանքի, ինչ-որ գործում հաջողության հասնելու մեջ չէ։ Երջանկությունը ընտանիքի մեջ է։ Շուտով ես էլ իմ ընտանիքը կկազմեմ եւ ինձ լիարժեք երջանիկ մարդ կզգամ։

Երազանք ունե՞ս։

Չեմ երազում։ Նպատաներ եմ դնում իմ առջեւ։ Խնդիրներ եմ դնում ու փորձում եմ այդ խնդիրները լուծել։ Այս պահին իմ առջեւ մեծ խնդիր ունեմ դրած. Օլիմպիական խաղերը, որին մասնակցելը իմ մանկության երազանքն է եղել։ Երազում եմ օլիմպիական մեդալով վերադառնալ։ Հույս ունեմ, որ կկարողանամ մեդալ նվաճել: Եթե ստացվի, կմտածեմ, որ երազանքս իրականացավ։ 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Gevor 00:15-14/08
axpers qez hajoxutyun u partadir mrcanak, spasum enq Nar jan
  • Այս թեմայով