15:30  ,  13 օգոստոսի, 2016

Օգսեն Միրզոյան. Եթե ես գուշակեի, թե ինչ է լինելու՝ իմ որդուն չէի ուղարկի Ռիո, որ գնար, ոտքը ցավացներ

Ռիոյում Հայաստանի մեդալի հնարավորությունների մասին գուշակություն չեմ անի: Եթե ես գուշակեի, թե ինչ է լինելու՝ իմ որդուն չէի ուղարկի Ռիո, որ գնար, ոտքը ցավացներ: Այսօր ամենաթանկը մարդու կյանքն է: Բոլոր մեդալները գալիս են, գնում են, օլիմպիական չեմպիոններն էլ գալիս են ու գնում, հետո ծերանում են, մարդ չի հիշում: Թող այսօր իրենց օլիմպիական չեմպիոններին լավ նայեն, որ վաղը Աստված իրենց նույնը տա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, ում որդին Ռիո-2016 Օլիմպիական խաղերում կրկին ձախողվեց: Չորս տարի առաջ Լոնդոնում եւս Առաքել Միրզոյանը տեղ չէր գրավել՝ ստանալով 0:

Հիեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Հրում վարժությունում Առաքել Միրզոյանը քաշ չպատվիրեց եւ չշարունակեց մրցելույթը:

Օգսեն Միրզոյանը որդու օլիմպիական մրցելույթին հետեւել է Երեւանից, օլիմպիական հավաքականի հետ Ռիո չի մեկնել:

Պարոն Միրզոյան, ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ վնասվածք ստացավ Ձեր որդին:

Խոսել եմ Առաքելի հետ, ասաց, որ պոկում վարժության 158 կգ-ը բարձրացնելուց հետո հանգստի սենյակ գնալիս, քայլելիս ոտքը ցավացել է: Պատճառը դա է եղել, ոտքն այտուցվել է, տարել են ռենտգեն են արել, ասել են՝ կոտրվածք չկա, բայց մկանները խախտվել է իրարից, հիվանդանոցում գիպս են դրել:

Մինչեւ մրցահարթակ դուրս գալը ոչ մի խնդիր չի ունեցել Առաքելը, վարժությունը նորմալ կատարել է: Թե ինչպես է պատահել այդ պահը՝ ինձ համար էլ է անհասկանալի, Առաքելի համար էլ: Ինքն էլ չի զգացել՝ ինչպես է եղել, ինչու է եղել: Բացատրություն չկա: Ասում է՝ քայլելով գնացի, քաշը պատվիրեցի ու ոտքս սկսեց ցավալ:

Ես նրա ոտքի ցավը կապում եմ մի բանի հետ, որը, չնայած նորություն է եւ նախկինում չի կրկնվել. 2011 թվականին, երբ Առաքելը կոտրեց ձեռքը, ոտքի այդ մասի վրա գիպս էին դրել «Էրեբունի» հիվանդանոցում: Մտածում եմ՝ գուցե դա է սկսել ցավալ, կամ ինչո՞ւ այսպես միանգամից պետք է սկսեր ցավալ. այսքան ժամանակ չէր ցավացել:

Կոնկրետ ի՞նչ վնասվածքի մասին է խոսքը:

Ընկել էր ոտքի, ողնաշարի, մեջքի վրա, կոտրել էր ձեռքը: Պարանոցի վրա ընկավ, սեղմեց, ծնկները կպավ գետնին, ոտնաթաթերը պառկեց տակը: Այդ ժամանակ, որ  հոսպիտալացվեց, ոտքը, մեջքը, ձեռքը գիպսի մեջ դրեցին: Միայն սա կարող է ցավի պատճառ լինել: Միայն վարժությունից չէր կարող ոտքը ցավալ, նա շատ հանգիստ կատարեց իր երկրորդ մոտեցումը եւ գլխավերեւում պահեց 158 կգ-ը:

Իսկ գուցե կիլոգրա՞մն էր շատ Առաքելի համար, մեկնարկի համար, քանի որ առաջին մոտեցումը չստացվեց:

Կիլոգրամը շատ լիներ՝ չէր բարձրացնի: Այստեղ տեխնիկական որեւէ խնդիր չկար: Եթե ծանրաձողը ետ գցեր, թռներ առաջ, կամ նստեր, դժվարությամբ պահեր, նման դեպքերում հնարավոր էր վարժությունը կատարելու հետ կապված լիներ: Բայց նա մաքուր, հանգիստ կատարեց մոտեցումը, դրանից չէր  կարող ոտքի կոճը ցավալ: Ես միայն կապում եմ այն տարիների հետ, որ ոտքին գիպս է եղել դրված: Ուրիշ ոչնչի հետ չեմ կապում:

Իսկ ի՞նչ սպասելիքներով էիք Ձեր որդուն ճանապարհել Օլիմպիական խաղեր:

Ես շատ մտահոգված եմ այս միջադեպի կապակցությամբ: Ես շատ լավ հասկանում եմ, որ Առաքել Միրզոյանը շատ կարճ ժամանակահատվածում չէր կարող այն կիլոգրամները բարձրացնել, որոնք երեկ մեդալներ պարգեւեցին ծանրորդներին, որովհետեւ դրանք ֆանտաստիկ թվեր էին:

Հիմա Առաքելի ոտքը կապանների մեջ է, որ մկանային համակարգը ամուր պահի, որ ինքը չշարժի ոտքը: Ինձ այդպես ասացին: Ինձ համար սա շատ վատ է, ես գիտեի, որ Առաքելը լավ է հանդես գալու, որովհետեւ նա արդեն իր նախկին արդյունքից 4 կգ բարելավել էր արդյունքը եւ համոզված էի, որ պատրաստ էր մինչեւ 165 կգ պոկում անել:

Իսկ թե ինչեր են գրում, բոլորս էլ հասկանում ենք, ամենը միտումնավորություն է:

Որեւէ մեկին վատը չեմ ցանկանում. ուրեմն դա էլ Առաքելի բախտն էր, Առաքելի ճակատագիրն էր: Ես որեւէ մեկի հետ ոչ կապում եմ նրա վնասվածքը, ոչ գրածներն եմ կարդում, ոչ քննադատություններին նշանակություն եմ տալիս, ոչ էլ ուշադրություն եմ դարձնում:

Անդրանիկ Կարապետյանին էլ ասում էին՝ ոսկե մեդալակիր է, բայց գնաց, ձեռքը դուրս ընկավ. հիմա ի՞նչ ասենք, մեր բռնցքամարտիկը կպավ, արնահոսության պատճառով մեկ րոպեում դուրս եկավ:

Ուրիշ մեկնաբանություն չունեմ. պատահական քայլելուց ոտքը ցավացել է, պատճառը դա է եղել: Ոչ ծանրաձողն է գցել, ոչ այլ բան:

Մարզիկի հոգեբանության վրա որքանո՞վ են ազդում քննադատությունները:

Իմ կարծիքով՝ եթե խելացի մարզիկ է, պետք է անտեսի բոլոր գրածները:

Դուք Առաքելի անձնական մարզիչն եք: Ինչո՞ւ չմեկնեցիք Ռիո:

Առաքելը հունվարից մարզվել է հավաքականի հետ ու մինչեւ հիմա էլ հավաքականի հետ է եղել: Իմ այնտեղ լինել, չլինելն այդքան մեծ նշանակություն չէր ունենալու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով