13:44  ,  13 օգոստոսի, 2016

85 կգ քաշային Աղասի Աղասյանն ու կինը՝ Առաքել Միրզոյանի օլիմպիական «շոու ծրագրի» մասին (ֆոտո)

Հայաստանի ուժեղագույն ծանրորդներից 85 կգ քաշային Աղասի Աղասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ռիոյի Օլիմպիական խաղերում 85 կգ քաշային Առաքել Միրզոյանի մրցելույթից հետո:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում օլիմպիական ուղեգրի հավակնորդներից էր նաեւ Աղասի Աղասյանը, սակայն հավաքականի մարզիչները նախապատվությունը տվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդուն:

«85 կգ քաշային կարգում Հայաստանի ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ, ու ոչ մեկ ինձ չի կարող հաղթել անկախ ամեն ինչից»,- գրել է Աղասի Աղասյանը:

Առաքել Միրզոյանի օլիմպիական մրցելույթին ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է նաեւ Աղասի Աղասյանի կինը՝ Արմինե Գաբրիելյանը:

«Փաստորեն, մարզաշխարհում էլ լավ դերասաններ կան... Ուժեղ շոու ծրագիր էր»,- գրել է Արմինե Գաբրիելյանը:

Հիշեցնենք որ Ռիոյում Առաքել Միրզոյանը պոկում վարժությունից հետո չկարողացավ շարունակել պայքարը: 85 կգ քաշայինների առաջին վարժությունում Առաքել Միրզոյանը երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Հրում վարժությունում Առաքել Միրզոյանը քաշ չպատվիրեց եւ չշարունակեց մրցելույթը: 

Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանը եւս չէր կարողացել ավարտել պայքարը՝ ստանալով 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում