16:42  +04,  12 օգոստոսի, 2016

Կարեն Աղամալյանը՝ Ռիոյից. Եթե մենամարտը շարունակվեր, Վլադիմիր Մարգարյանը հաղթելու մեծ հնարավորություններ ուներ

Եթե մենամարտը շարունակվեր, Վլադիմիր Մարգարյանը հաղթելու մեծ հնարավորություններ ուներ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, մեկնաբանելով Ռիո-2016-ում Վլադիմիր Մարգարյան- Ռոնիել Իգլեսիաս (Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն) 1/8-րդ եզրափակիչը:

«Վլադիմիր Մարգարյանը լավ պատրաստված էր, տրամադրությունը բարձր։ Հաղթանակի տրամադրվածությամբ բարձրացավ ռինգ։ Շատ կարճ ժամանակ անց հոնքի պատռվածքի պատճառով դադարեցվեց մենամարտը։ Բժիշկների միջամտությունից հետո մրցավարները թույլ տվեցին շարունակել մենամարտել, սակայն որոշ ժամանակ անց կանգնեցվեց, քանի որ շատ էր արնահոսում։ Սա տեխնիկական պարտություն էր, բայց մենամարտն ավարտվեց Լոնդոնի օլիմպիական չեմպիոնի օգտին։ Եթե մենամարտը շարունակվեր, Վլադիմիր Մարգարյանը հաղթելու մեծ հնարավորություններ ուներ ու կարող էր իր առավելությամբ ավարտել մենամարտը։

Ոչինչ անել չէինք կարող, քանի որ ըստ կանոնադրության, նման դեպքերում դադարեցնում են։ Վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, ուղղակի այդ պահին շատ էր արնահոսում։ Վլադը լավ է զգում իրեն, տրամադրությունը նորմալ է, վնասվածքը 3-4 օրից կանցնի»,- նշեց Կարեն Աղամալյանը։

1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտիկներից 64 քաշային կարգի 1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ:

56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց՝ 2:1 հաշվով պարտության մատնելով 20-ամյա ճապոնացի Արաշի Մորիսակային: Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի իռլանդացի Մայքլ Քոնլանը, որն առաջին շրջանում ազատ էր:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում կներկայացնի նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով