01:17  ,  10 օգոստոսի, 2016

Մադրիդի «Ռեալը»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիան» Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում վիճարկեցին Եվրոպայի Սուպերգավաթը: Իսպանական դիմակայությունում հաղթեց «Ռեալը»՝ 3:2: Պահանջվեց լրացուցիչ ժամանակ:

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: 21-րդ րոպեին հեռվից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած Արքայական թիմի 20-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:

Չիլիացի Խորխո Սամպաոլիի գլխավորած «Սեւիլիան» ընդմիջումից 4 րոպե առաջ Ֆրանկո Վասկեսի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: Սամպաոլին «Սեւիլիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է իսպանացի Ունաի Էմերիին, որը տեղափոխվել է Փարիզի ՊՍԺ:

Ընդմիջումից հետո «Ռեալի» կազմում փոխարինման դուրս եկան Քարիմ Բենզեման, Լուկա Մոդրիչն ու Խամես Ռոդրիգեսը, սակայն հաջողության հասավ «Սեւիլիան»: Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները եւ փոխարինման դուրս եկած Եվգենի Կոնոպլյանկան 11 մետրանոցից չվրիպեց: 

Ավելացված երրորդ րոպեին Սերխիո Ռամոսը վերականգնեց հավասարությունը: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի արդեն երրորդ րոպեին «Սեւիլիան» մնաց տասը խաղացողներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Տիմոտե Կոլոձեյչակը:

99-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Սերխիո Ռամոսը, գլխավոր մրցավարը ցույց տվեց խաղադաշտի կենտրոն, սակայն դարպասի մոտի մրցավարը գրանցեց կանոնների խախտում «Ռեալի» կողմից, եւ գոլը չարձանագրվեց:  

Նախավերջին րոպեին Դանի Կարվախալը անկասելի անհատական անցումով մտավ մրցակցի տուգանային հրապարակ եւ խփեց Արքայական ակումբի հաղթական գոլը: «Ռեալը» երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը:

Տրոնհեյմ, Նորվեգիա

Եվրոպայի Սուպերգավաթ

«Ռեալ Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ՝ 1:0)

Մարկո Ասենսիո, 21, Սերխիո Ռամոս, 90+3, Դանի Կարվախալ, 119 - Ֆրանկո Վասկես, 41, Եվգենի Կոնոպլյանկա, 72, 11մ

Հեռացում՝ Կոլոձեյչակ («Սեւիլիա»), 93, երկրորդ դեղին քարտ

«Ռեալ». Կասիլյա, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Կազեմիրո, Կովաչիչ (Խամես Ռոդրիգես, 73), Լուկաս Վասկես, Ասենսիո, Իսկո (Մոդրիչ, 66), Մորատա (Բենզեմա, 62):

«Սեւիլիա». Ռիկո, Մարիանո, Պարեխա, Կարիսու (Ռամի, 51), Կոլոձեյչակ, Ն՝Զոնզի, Իբորա (Կրանեվիտեր, 74), Կիյոտակե, Վիտոլո, Վասկես, Վիետո (Կոնոպլյանկա, 67):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում