Մոսկվայում ավարտված կունգ-ֆուի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը յոթ ոսկե, երաքական արծաթե եւ բրոնզե մեդալներով գրավեց թիմային երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի եւ Չինաստանի մեծաքանակ հավաքականներին:
NEWS.am Sport-ի թղթակիցը Մոսկվայում զրուցել է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի հետ:
Պարոն Հարությունյան, ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի հավաքականի մրցելույթին:
Հավաքականը լավ հանդես եկավ՝ հաշվի առնելով, որ մեր մարզիկների քանակը զգալիորեն զիջում էր ռուսների եւ չինացիների թվին: Բայց մենք թիմայիին հաշվարկում գրավեցինք երրորդ տեղը: Կարծում եմ՝ սա ամենեւին վատ արդյունք չէ: Արդեն երրորդ տարին ենք մասնակցում, առաջին անգամ ենք այսքան մեդալ նվաճում, ինչը նշանակում է, որ մենք Չինաստանի եւ Ռուսաստանի հետ լուրջ մրցակցության ենք դիմանում:
Ցանկանում եմ առանձնացնել եզրափակիչում ադրբեջանցի մրցակցին հաղթած Հայկ Գասպարյանի մրցելույթը, Վարդգես Մանասյանին, որի տեխնիական բարձր գնահատեցին նաեւ մրցավարները, մեր միակ աղջիկ մասնակցին՝ Լիլիթ Արզումանյանին: Նա առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը եւ նվաճեց ոսկե մեդալ: Նշեմ անեւ Հակոբ Հովհաննիսյանին, որը նույնպես ոսկե մեդալ նվաճեց տուշոու մրցաոճում:
Ի՞նչ ծրագրեր ունի ֆեդերացիան այս հաջողությունից հետո:
Կունգ-ֆուի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն անցկացվում են նույն տարում: Կպատրաստվենք հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մտադիր ենք ավելի բարելավել մեր արդյունքները: Շատ բան է կախված ֆինանսական աջակցությունից: Եթե այն մեծ լիներ, մենք կկարողանային ավելի շատ մարզիկ դուրս բերել պայքարի եւ ավելի շատ մեդալ նվաճել:
Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում