00:54  ,  8 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականները: Ֆրանսիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում տանտերերը 2:0 հաշվով հաղթեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային, որը նկատելի առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ունեին գերմանացիները, սակայն Բունդեսթիմն ընդմիջման գնաց հաշվի մեջ հետապնդողի դերում: Առաջին իրական գոլային պահն ունեցան ֆրանսիացիները: 7-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, պատ խաղարկելով թիմակցի հետ, դուրս եկավ հարվածային դիրք, բայց նրա հարվածը թույլ ստացվեց: Քիչ անց գերմանացիները պատասխանեցին Թոմաս Մյուլերի վտանգավոր հարվածով, որը շեղ ստացվեց: Րոպեներ անց ֆրանսիացիների դարպասապահ Հուգո Լյորիսին անհանգստացրեց նաեւ Էմրե Ջանը:

Սկզբնամասում խաղն անցնում էր հետաքրքիր պայքարում: Թիմերը գնդակը երկար չէին պահում կենտրոնում եւ անմիջապես փորձում էին ացնել գրոհների: Գերմանացիներն աստիճանաբար ստացան մեծ տարածքային առավելություն եւ ավելի հաճախ էին գրոհում, բայց իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Ֆրանսիացիների սակավաթիվ գրոհները եւս վտանգավոր չէին: Խաղակեսի վերջնամասում գերմանացիները հանգստացել էին, իսկ Ֆրանսիան Օլիվյե Ժիրուի մասնակցությամբ մեկ գոլային պահ կորցնելուց հետո բացեց հաշիվը: 45-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին նշանակեց 11 մետրանոց հարված: Գնդակին մոտեցավ Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը գլխավորող Անտուան Գրիզմանը, որն անթերի իրացրեց հարվածը եւ 5-րդ գոլը խփեց մրցաշարում:

Երկրորդ խաղակեսը սկսվեց գերմանացիների գրոհների ներքո: Ֆրանսիայի հավաքականը գրեթե դուրս չէր գալիս սեփական կիսադաշտից, իսկ Գերմանիան շարունակոմ էր վերահսկել խաղն առանց իրական գոլային պահերի: Բունդեսթիմը չէր կարողանում նկատելի առավելությունը վերածել գոլի, իսկ 72-րդ րոպեին թույլ տվեց կոպիտ սխալ, ինչի համար պատժվեց: Գերմանացի պաշտպանները սեփական տուգանայինում գնդակը հանձնեցին մրցակցին, իսկ Պոլ Պոգբայի փոխանցումից հետո Մանուել Նոյերն այն հետ մղեց Անտուան Գրիզմանի առջեւ, եւ հաշիվը դարձավ 2:0: Վերջնամասում աշխարհի չեմպիոնը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի վրա եւ ունեցավ մի քանի վտանգավոր պահ, սակայն ֆրանսիական ամուր պաշտպանությունը ճեղքել այդպես էլ չհաջողվեց:

Այսպիսով, հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինեն պորտուգալացիները, որոնք կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էին Ուելսի հավաքականին:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չէր պաշտպանել Իսպանիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր գործող փոխչեմպիոն իտալացիներին:

Եվրո-2016, կիսաեզրափակիչ

Գերմանիա - Ֆրանսիա՝ 0:2

Անտուան Գրիզման, 45+2 (11մ), 72

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ (Շկոդրան Մուստաֆի, 61), Յոնաս Հեկտոր, Բաստիան Շվայնշտայգեր (Լերոյ Սանե, 79), Տոնի Կրոս, Էմրե Ջան (Մարիո Գյոտցե, 67), Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր:

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ (Ն՛Գոլո Կանտե, 71), Անտուան Գրիզման (Յոան Կաբայ, 90+1), Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 78):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ