00:51  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016. Goodbye, Անգլիա (ֆոտոշարք)

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության գլխավոր սենսացիան տեղի ունեցավ վերջին 1/8 եզրափակիչում: Անգլիայի հավաքականը Նիցայում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց իսլանդացիներից եւ լքեց պայքարը:

Անգլիացիներն ավելի ակտիվ սկսեցին խաղը եւ խփեցին արագ գոլ: Չորրորդ րոպեին Իսլանդիայի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին: Արագ գոլը չընկճեց իսլանդացիներին, որոնք 2 րոպե անց խփեցին պատասխան գոլը: Եզրային նետման խաղարկման արդյունքում աչքի ընկավ ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Ռագնար Սիգուրդսոնը: Մինչ անգլիացիները կատարում էին երկրորդ գոլը խփելու փորձեր, Իսլանդիայի թիմը նաեւ առաջ անցավ հաշվի մեջ: 18-րդ րոպեին հաշիվը 2:1 դարձրեց ֆրանսիական «Նանտի» հարձակվող Կոլբեյն Սիգթորսոնը: Երկրորդ գոլից հետո Իսլանդիան բավական վստահ տեսք ուներ, իսկ անգլիացիները երկար ժամանակ չէին կարողանում ստեղծել գոլային պահեր, թեեւ ունեին տարածքային առավելություն: Խաղակեսի վերջնամասում բրիտանական թիմին հաջողվեց եվս մի քանի անգամ անհանգստացնել Իսլանդիայի հավաքականի դարպասապահ Հանես Հալդոուրսոնին, բայց թիմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց անգլիական գրոհների ներքո: Ռոյ Հոջսոնի թիմը վերահսկում էր գնդակը եւ ուներ նկատելի առավելություն, սակայն Իսլանդիայի ամուր պաշտպանությունը ճեղքել չէր հաջողվում: Անգլիացիները շարունակում էին գրոհել եւ ոչ հաճախ ստեղծում կիսավտանգավոր պահեր, իսկ Իսլանդիան վստահ քայլերով շարժվում էր դեպի պատմական հաջողությանը եւ արեց դա:

Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Իտալիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Իսլանդիա՝ 1:2

Ուեյն Ռունի, 4 (11մ) - Ռագնար Սիգուրդսոն, 6, Կոլբեյն Սիգթորսոն, 18

Անգլիա. Ջո Հարթ, Կայլ Ուոլկեր, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Դերեկ Ռոուզ, Էրիկ Դայեր (Ջեկ Ուիլշիր, 46), Ուեյն Ռունի (Մարկուս Ռեշֆորդ, 87), Դելե Ալի, Ռահիմ Ստերլինգ (Ձեյմի Վարդի, 60), Դանիել Սթարիջ, Հարի Քեյն:

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արանսոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն (Էլմար Բյարնասոն, 77), Յոն Դադի Բոդվարսոն (Արնոր Տրաստասոն, 89 ):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով