18:53  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016. Չորս րոպեում Գրիզմանի դուբլը կամային հաղթանակ պարգեւեց Ֆրանսիային (ֆոտո)

Եվրո-2016-ի կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով իռլանդացիների նկատմամբ: Դիդյե Դեշամի գլխավորած թիմի հաջողությունն ապահովեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի դուբլը: Լիոնում ֆրանսիացիների հաղթանակին ներկա էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլի շնորհիվ Իռլանդիայի հավաքականն առաջին խաղակեսն ավարտեց հաղթանակած: Հանդիպման իտալացի գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին սեփական տուգանային հրապարակում Շեյն Լոնգի դեմ Պոլ Պոգբայի թույլ տված խախտումից հետո արդեն 2-րդ րոպեին (1:58) 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասին:  Ռոբերտ Բրեյդին չվրիպեց՝ առաջ մղելով իռլանդացիներին:

Այս մրցաշարում սա ամենաարագ գոլն է: Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ 11 մետրանոցներից խփած ամենաարագ գոլն է: Իսկ խաղից ավելի արագ գոլ խփել է միայն ռուսաստանցի Դմիտրի Կիրիչենկոն, որը Եվրո-2004-ի ժամանակ նույնպես երկրորդ րոպեին (1:07) գրավել է Հունաստանի հավաքականի դարպասը: 

Ընդմիջումից հետո ֆրանսիացիները շատ արագ կարողացան վերականգնել հավասարությունն ու առաջ անցնել: Իռլանդիայի հավաքականի պաշտպանության նվիրած ազատ գոտիների շնորհիվ Անտուան Գրիզմանը չորս րոպեում երկու անգամ գրավեց Դարեն Ռենդոլֆի պաշտպանած դարպասը: Եվս 5 րոպե անց Գրիզմանի նկատմամբ վերջին հույսի խախտման համար հեռացվեց իռլանդացիների պաշտպան Շեյն Դաֆին: Տուգանային հրապարակի գրեթե գծին նշանակված տուգանային հարվածը Գրիզմանը հաջող չիրացրեց: Մնացած ժամանակում հաշվի փոփոխություն չեղավ եւ Ֆրանսիայի հավաքականը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի Անգլիա - Իսլանդիա զույգի հաղթողի հետ:

Եվրո-2016. 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Իռլանդիա՝ 2:1

Անտուան Գրիզման, 57, 61 - Ռոբերտ Բրեյդի, 2, 11մ

Հեռացում. Շեյն Դաֆի, 66

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Ն՝Գոլո Կանտե (Քինգսլի Քոման, 46 (Մուսա Սիսոկո, 90+3)), Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 74):

Իռլանդիա. Դարեն Ռենդոլֆ, Շեյմուս Կոլման, Շեյն Դաֆի, Ռիչարդ Կեո, Ստիվեն Ուորդ, Ջեյմս Մաքարտի (Ուեսլի Հուլահան, 72), Ջեֆ Հենդրիկ, Ջեյմս Մաքլին (Ջոն Օ՝Շի, 69), Ռոբերտ Բրեյդի, Դերիլ Մերֆի (Ջոնաթան Ուոլթերս, 65), Շեյն Լոնգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով