00:52  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսպանիան պարտվեց Խորվաթիային եւ փլեյ-օֆֆում կհանդիպի Իտալիային (ֆոտոշարք)

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում կհանդիպեն ֆուտբոլի Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչի մասնակիցները՝ գործող չեմպիոն Իսպանիան ու փոխչեմպիոն Իտալիան: Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի մասնակիցներին D խմբից միացան Իսպանիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

Եվրո-2016-ի երրորդ տուրում խորվաթներն առանց վնասվածքից ապաքինվող Լուկա Մոդրիչի 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան Իսպանիայի հավաքականի նկատմամբ եւ 7 միավորով գրավեցին խմբի առաջին տեղը: 6 միավոր վաստակած Իսպանիան 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց երկրորդ տեղով, իսկ փլեյ-օֆֆում կհանդիպի Իտալիայի հավաքականին:

Բորդոյում կայացած խաղի հենց սկզբից Իսպանիայի հավաքականը վերահսկում էր գնդակը եւ խփեց արագ գոլ: Դավիդ Սիլվայի սկսած հրաշալի գրոհը 7-րդ րոպեին եզրափակեց Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, որը գրավեց դատարկ դարպասը եւ 3 գոլով հավասարվեց Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը գլխավորող ուելսցի Գարեթ Բեյլին: Չնայած տարածքային մեծ առավելությանը, Վիսենտե Դել Բոսկեի թիմը սկզբնամասում անվստահ էր գործում պաշտպանությունում եւ կարող էր պատժվել: Դրվագներից մեկում իսպանացիներին փրկեց դարպասաձողը: Խորվաթները չէին էլ փորձում մրցակցին զրկել գնդակից եւ սպասում էին իրենց հնարավորություններին: Խաղակեսի միջնամասում խաղի տեմպը բավական ցածր էր: 44-րդ րոպեին Մորատան կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն չարեց դա, իսկ մեկ րոպե անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը: Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլա Կալինիչը 45-րդ րոպեին խփեց խորվաթների պատասխան գոլը եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ: Դա Իսպանիայի առաջին բաց թողած գոլն էր այս մրցաշարում:

Երկրորդ խաղակեսն անցնում էր առանց գոլային պահերի: Իսպանացիները «քայլելով» վերահասկում էին գնդակը եւ ոչինչ չէին առաջարկում մրցակցին, իսկ խորվաթների սակավաթիվ գրոհները վտանգավոր չէին ստացվում: Երկրորդ խաղակեսում հիշվեց Իսպանիայի անկյունայիններից մեկը, որի ժամանակ Սերխիո Ռամոսի գլխի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: 72-րդ րոպեին իսպանացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Ռամոսի հարվածից հետո խորվաթ դարպասապահ Դանիել Սուբաշիչը փրկեց իր թիմին: Վերջնամասում եւս խաղի տեմպը բավական ցածր էր: Թվում էր, թե ոչ ոքին անխուսափելի է, բայց խորվաթներն այլ կարծիքի էին: 87-րդ րոպեին իտալական «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը գոլային փոխանցմանը գումարեց նաեւ գոլ՝ հաղթանակ բերելով Խորվաթիայի հավաքականին:

D խմբի մյուս խաղում թուրքերը 2:0 հաշվով հաղթեցին Չեխիային եւ 3 միավորով գրավեցին երրորդ տեղը: 1 միավոր ունեցող չեխերը լքեցին պայքարը, իսկ Թուրքիան հավանում է փլեյ-օֆֆ դուրս գալ երրորդ տեղով:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Ավելի վաղ A, B եւ C խմբերից առաջին ու երկրորդ տեղերով փլեյ-օֆֆ էին դուրս եկել Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան ու Լեհաստանը, Իտալիան ժամանակից շուտ հաղթել է E խմբում, իսկ 4 միավոր հավաքած Սլովակիան եւս կխաղա 1/8 եզրափակիչում B խմբում երրորդ տեղը գրավելու շնորհիվ: F խմբի առաջատար Հունգարիան եւս ունի 4 միավոր եւ, անկախ վերջին տուրի արդյունքից, կխաղա փլեյ-օֆֆում: 

1/8 եզրափակիչում արդեն հայտնի են Իտալիա - Իսպանիա եւ Շվեյցարիա - Լեհաստան զույգերը:

Եվրո-2016, երրորդ տուր

D խումբ

Խորվաթիա - Իսպանիա՝ 2:1

Նիկոլա Կալինիչ, 45, Իվան Պերիշիչ, 87 – Ալվարո Մորատա, 7

Չիրացված 11 մետրանոց՝ Սերխիո Ռամոս, 72

Իսպանիա. Դավիդ դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս (Տյագո Ալկանտարա, 84), Դավիդ Սիլվա, Նոլիտո (Բրունո Սորիանո, 60), Ալվարո Մորատա (Արիս Ադուրիս, 67):

Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ, Դարիո Սռնա, Տին Յեդվայ, Վեդրան Չորլուկա, Սիմե Վրսալկո, Իվան Ռակիտիչ, Միլան Բադել, Իվան Պերիշիչ (Անդրեյ Կրամարիչ, 90+2), Մարկո Պյացա (Դույե Չոպ, 90+2), Մարկո Ռոգ (Մատեո Կովաչիչ, 82), Նիկոլա Կալինիչ:

Չեխիա - Թուրքիա՝ 0:2

Բուրակ Յիլմազ, 10, Օզան Թուֆան, 65

Չեխիա. Պետր Չեխ, Պավել Կադերժաբեկ, Տոմաշ Սիվոկ, Ռոման Հուբնիկ, Դանիել Պուդիլ, Յարոսլավ Պլաշիլ (Դանիել Կոլար, 90), Վլադիմիր Դարիդա, Բորժեկ Դոչկալ (Յոզեֆ Սուրալ, 71), Դավիդ Պավելկա (Միլան Շկոդա, 57), Լադիսլավ Կրեյչի, Տոմաշ Նեցիդ:

Թուրքիա. Վոլկան Բաբաջան, Հական Բալտա, Գյոկհան Գյոնյուլ, Մեհմեթ Տոպալ, Իսմայիլ Կյոբասի, Սելջուկ Ինան, Արդա Թուրան, Էմրե Մոր (Օլկայ Սահան, 69), Օզան Թուֆան, Վոլկան Սեն (Օգաժան Օզյակուպ, 61), Բուրակ Յիլմազ (Ցենկ Թոսուն, 90):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով