00:50  ,  17 հունիսի, 2016

Եվրո-2016. Զրոներ Փարիզում (ֆոտոշարք)

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի C խմբի երկրորդ տուրում աշխարի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցեց Լեհաստանի հետ եւ բավարարվեց գոլազուրկ ոչ ոքիով:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղի հենց մեկնարկից գերմանացիները վերցրին գնդակը եւ դիրքավորվեցին մրցակցի կիսադաշտում: Սկզբնամասում լեհերը գրեթե չէին գրոհում, իսկ Բունդեսթիմին չէր հաջողվում գրոհները վերածել իրական գոլային պահերի: Լեհաստանը, հաղթահարելով մեկնարկային ճնշումը, սկսեց նաեւ գրոհել եւ աստիճանաբար խաղը հեռացրեց սեփական կիսադաշտից: Խաղակեսի միջնամասում խաղն անցնում էր հավասար պայքարում: Գերմանացիներն ակտիվացան վերջնամասում, բայց դա ոչինչ չտվեց նրանց:

Երկրորդ խաղակեսի ամենասկզբում լեհերը կարող էին բացել հաշիվը, սակայն «Այաքսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը կորցրեց այս խաղի ամենաիրական գոլային պահը: Ընդմիջումից հետո 2 թիմերն էլ գրոհում էին ավելի շատ ու վտանգավոր: Խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: Լեհաստանի վտանգավոր գրոհին հաջորդում էր գերմանացիներինը եւ հակառակը: Խաղի վերջնամասն անցավ Գերմանիայի առավելությամբ: Այնուամենայնիվ, թիմերին այդպես էլ չհաջողվեց գոլ խփել եւ Եվրո-2016-ում գրանցվեց առաջին գոլազուրկ ոչ ոքին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեհաստանը հաղթել էր Հյուսիսային Իռլանդիային, իսկ Գերմանիան ուժեղ էր գտնվեց Ուկրաինայից, որը զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 21-ին տեղի կունենան Գերմանիա - Հյուսիսային Իռլանդիա եւ Լեհաստան - Ուկրաինա խաղեր:

Եվրո-2016, երկրորդ տուր

Գերմանիա - Լեհաստան՝ 0:0

Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա, Տոնի Կրոս, Յուլիան Դրաքսլեր (Մարիո Գոմես, 71), Մեսութ Օզիլ,  Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե (Անդրե Շյուրլե, 66):

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Արտուր Երջեյչիկ, Կամիլ Գլիկ, Միխալ Պազդան, Կշիշտոֆ Մոնչինսկի (Տամաշ Յոդլովեց, 76), Գժեգոժ Կրիխովյակ,  Յակուբ Բլաշչիկովսկի (Բարտոշ Կապուստկա, 80), Կամիլ Գրոսիցկի (Սլավոմիր Պեշկո, 88), Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով