19:47  +04,  17 մարտի, 2016

Գեղամ Կադիմյան. Հայաստանը հայրենիքս է եւ շատ հաճելի է հրավեր ստանալ հավաքականից

Հայաստանը հայրենիքս է եւ շատ հաճելի է հրավեր ստանալ ազգային հավաքականից, ասել է Լվովի «Կարպատների» հարձակվող Գեղամ Կադիմյանը, որն առաջին անգամ է հանդես գալու գլխավոր թիմում։ Մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը կընդունի Բելառուսի հավաքականին։ Հանդիպումը կլինի նաեւ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը։

«Նախկինում խաղացել եմ միայն պատանեկան հավաքականներում։ Շատ հաճելի է հրավեր ստանալը։ Ժամանակին խաղացել են կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ «Փյունիկում» հանդես եմ եկել Կամո Հովհաննիսյանի հետ, որը խաղում է հավաքականի կիսապաշտպանության աջ եզրում»,-  23-ամյա Կադիմյանի խոսքը մեջբերում է ua-football.com-ը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության աշնանային հատվածում Կադիմյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկում»՝ դառնալով երեքական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ 15 հանդիպումներում։

Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Կարպատների» կազմում անցկացրած ստուգողական հանդիպումներում Կադիմյանը խփել է հինգ գոլ, իսկ Կիեւի «Դինամոյի» դեմ Ուկրաինայի առաջնության առաջին խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: