21:37  ,  11 մարտի, 2016

Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում

Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը մոտ վեց ժամ տեւած պայքարում 65-րդ քայլում ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Հայկական շախմատի 33-ամյա առաջատարը հանդես էր գալիս սեւ ֆիգուրներով:

21-ամյա հոլանդացի գրոսմայստերը մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցն է եւ համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ չորրորդն է:

Առաջատարի դիրքը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:

Ոչ ոքի ավարտվեցին ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակին - Պյոտր Սվիդլեր եւ ամերիկացիներ Հիկարու Նակամուրա - Ֆաբիանո Կարուանա պարտիաները:

Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մյուս զույգերում կմրցեն Սվիդլերն ու Տոպալովը, Կարուանան ու Գիրին եւ Կարյակինն ու Նակամուրան:

Հիշեցնենք, որ առաջին տուրի առաջին քայլը Գիրի - Արոնյան պարտիայում կատարել էր Սերժ Սարգսյանը:

Մրցաշարը 14 տուրից է: Վերջին տուրը մարտի 28-ին է: Ամեն երրորդ տուրից հետո հանգստյան օր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով