18:52  ,  29 փետրվարի, 2016

Լեւոն Արոնյան. Զգում եմ, որ լավագույնն եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի

Շատ եմ ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն: Զգում եմ, որ լավագույնն եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Այդ մասին ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը պատրաստվում է հաջորդ շաբաթ Մոսկվայում մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

«Շատ եմ հավանում հավակնորդների մրցաշարը: Հասկանում եմ, որ ընդամենը մեկ մրցաշար է եւ համարվում է, որ կարող է հաղթել մասնակիցներից յուրաքանչյուրը: Սակայն սովորաբար հաղթում է ուժեղագույնը: Չի լինում այնպես, որ մեկը սկզբից ունենա +5 առավելություն, իսկ հետո հայտնվի վերջին տեղում: Սովորաբար, նա, ով հենց սկզբից ցուցադրում է լավ խաղ, հետո հաղթում է: Օրինակ՝ Անանդը 2014-ին Խանտի Մանսիյսկում պաշարով հաղթեց, հրաշալի էր խաղում: Կամ Մագնուս Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը 2013-ին Լոնդոնում շատ լավ էին խաղում: Ես կարծում եմ՝ ամբողջ պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պատահական մարդը ստանա համաշխարհային թագի համար պայքարելու իրավունք:

Ես շատ բարի մարդ եմ, ինձ միշտ անհրաժեշտ է լրացուցիչ լիցքավորել: Ափսոս, որ չկա Լեոպոլդ կատուի մասին մուլտֆիլմի «Օզվերին» դեղը: Ես ձգտում եմ բարկանալ, բայց չի ստացվում, որովհետեւ իմ խառնվածքը չէ: Չեմ կարծում, որ շատ բարդ է, բայց դու պետք է քեզ գցես այդ մթնոլորտի մեջ, հետո դուրս գաս՝ մնալով ինքդ քեզ հետ:

Շատ եմ ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն: Զգում եմ, որ լավագույնն եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Կարեւոր են հաղթանակները, տարիների ընթացքում գերիշխանությունը: Ինձ մոտ փազլը մինչեւ վերջ չի հավաքվում: Այդ մասին դիպուկ է ասել Զիգբերտ Տարաշը. «Քիչ է լինել լավ շախմատիստ, անհրաժեշտ է նաեւ շատ լավ խաղալ շախմատ»: Այդ պատճառով, իմ խոսքերը նշանակություն չունեն: Մարտի 10-ին մեկնարկում է հավակնորդների մրցաշարը: Այնտեղ է պետք ցույց տալ, թե ինչ արժեք ունես: Հավակնությունների պակաս չունեմ, բայց պետք է հավաքվել վճռական գրոհի համար:

Շախմատում ամենագլխավորը սերն է խաղի նկատմամբ՝ երբ դա քեզ համար ծանր աշխատանք չէ, այլ խոր զգացմունք: Պետք է անմնացորդ սիրել խաղը, իսկ մնացածը կգա: Եթե չկա այդ զգացմունքը, երբեք չես դառնա լավագույն գրոսմայստերներից»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:

Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով