18:52 29 փետրվարի, 2016Շատ եմ ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն: Զգում եմ, որ լավագույնն եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Այդ մասին ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը պատրաստվում է հաջորդ շաբաթ Մոսկվայում մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
«Շատ եմ հավանում հավակնորդների մրցաշարը: Հասկանում եմ, որ ընդամենը մեկ մրցաշար է եւ համարվում է, որ կարող է հաղթել մասնակիցներից յուրաքանչյուրը: Սակայն սովորաբար հաղթում է ուժեղագույնը: Չի լինում այնպես, որ մեկը սկզբից ունենա +5 առավելություն, իսկ հետո հայտնվի վերջին տեղում: Սովորաբար, նա, ով հենց սկզբից ցուցադրում է լավ խաղ, հետո հաղթում է: Օրինակ՝ Անանդը 2014-ին Խանտի Մանսիյսկում պաշարով հաղթեց, հրաշալի էր խաղում: Կամ Մագնուս Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը 2013-ին Լոնդոնում շատ լավ էին խաղում: Ես կարծում եմ՝ ամբողջ պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պատահական մարդը ստանա համաշխարհային թագի համար պայքարելու իրավունք:
Ես շատ բարի մարդ եմ, ինձ միշտ անհրաժեշտ է լրացուցիչ լիցքավորել: Ափսոս, որ չկա Լեոպոլդ կատուի մասին մուլտֆիլմի «Օզվերին» դեղը: Ես ձգտում եմ բարկանալ, բայց չի ստացվում, որովհետեւ իմ խառնվածքը չէ: Չեմ կարծում, որ շատ բարդ է, բայց դու պետք է քեզ գցես այդ մթնոլորտի մեջ, հետո դուրս գաս՝ մնալով ինքդ քեզ հետ:
Շատ եմ ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն: Զգում եմ, որ լավագույնն եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Կարեւոր են հաղթանակները, տարիների ընթացքում գերիշխանությունը: Ինձ մոտ փազլը մինչեւ վերջ չի հավաքվում: Այդ մասին դիպուկ է ասել Զիգբերտ Տարաշը. «Քիչ է լինել լավ շախմատիստ, անհրաժեշտ է նաեւ շատ լավ խաղալ շախմատ»: Այդ պատճառով, իմ խոսքերը նշանակություն չունեն: Մարտի 10-ին մեկնարկում է հավակնորդների մրցաշարը: Այնտեղ է պետք ցույց տալ, թե ինչ արժեք ունես: Հավակնությունների պակաս չունեմ, բայց պետք է հավաքվել վճռական գրոհի համար:
Շախմատում ամենագլխավորը սերն է խաղի նկատմամբ՝ երբ դա քեզ համար ծանր աշխատանք չէ, այլ խոր զգացմունք: Պետք է անմնացորդ սիրել խաղը, իսկ մնացածը կգա: Եթե չկա այդ զգացմունքը, երբեք չես դառնա լավագույն գրոսմայստերներից»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:
Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:
Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.