11:56  ,  14 հունվարի, 2016

Թոմաս Տուխել. Ամեն օր սովորում եմ Հենրիխ Մխիթարյանից

Դուբայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Գերմանացի մասնագետի խոսքով՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը բոլորի համար կարող է օրինակ լինել աշխատանքի հանդեպ ցուցադրած վերաբերմունքի առումով:

«Այդպիսի ֆուտբոլիստի մասին կարելի է միայն երազել: Հենրիխն օրինակ է ծառայում բոլորի համար: Ինձ համար մեծ արտոնություն է լինել նրա մարզիչը: Ամեն օր սովորում եմ նրանից: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եւ նա դեr չի բացահայտել իր ամբողջ պոտենցիալը: Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի ու նրբանկատ մարդ է»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան եւ կընդգրկվի խորհրդանշական հավաքականում: «Բորուսիան» Դուբայում հավաքն ավարտելու է հունվարի 16-ին, իսկ դրանից մեկ օր առաջ ընկերական խաղ կանցկացնի կորեական «Չոնբուկ Մոթորզի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում